Բաժիններ՝

«Ինձ դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը». Ռ.Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես զարմանում և զայրանում եմ, երբ բոլորը ընտրությունների արդար կամ կեղծված լինելու վերաբերյալ խոսակցությունները տանում են հարևան-ծանոթ-ընկեր-բարեկամ-տաքսու վարորդ հարթություն: Ընդ որում, դա անում են նաև հայտնի մարդիկ, լրագրողներ, քաղաքական գործիչներ: Նույն կերպ հասարակությունը, քաղաքացիները, հարևանները ինչքան ասես չճշտված, չհաստատված, «բեսեդկայի», սուրճի սեղանի բամբասանքներ, ենթադրություններ ու խոսակցություններ են տարածում և «նաղդում» որպես բացարձակ ճշմարտություն… Մեր շենքի, կողքի շենքի, վերջին մուտքի… աղջիկը համարձակ է, նորաձև է հագնվում, ազատամիտ է՝ ուրեմն անբարոյական է, մյուսին անծանոթ մեքենա բերեց, ուրեմն հաստատ սիրած ունի…

Գրեթե նույնն է նաև ընտրությունների վերաբերյալ խոսակցությունները, մյուս բնագավառներում աջ ու ձախ հնչող բամաբասանքները: Իսկ մեզանում շատերն են սիրում գիտակ երևալ, տեղեկացված,լսած-չլսածը, տեսած-չտեսածը գունազարդել, բազմապատկել, զոռ տալ երևակայությանը, ենթադրություններ անել, «հավաստի» ներկայացնել, դրանում երկրորդ կարծիքը չկա:
Իսկը՝ հայտնի « Ծառայողական սիրավեպ» ֆիլմի Բուբլիկովի պատմությունը…
Դրա ապացույցն է նաև, որ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննությունում դիմող կողմը գրեթե չի կարողանում լուրջ փաստարկներ ներկայացնել, իրենց ելույթները համեմում են հռետորական խոսքերով ու ենթադրություններով:
Ցավալին այն է, որ նման վերաբերմունքով, ընդամենը ենթադրություններով, չփաստարկված տվյալներով մարդկանց մոտ խորացնում ենք կասկածները, ձևավորում անվստահության, անհավատության մթնոլորտ, քաղաքացիներին տրամադրում իշխանությունների դեմ, փորձում անկայունացնել իրավիճակը:
Անկախ այդ ամենից, ինձ դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը, նրա կողմից նոր քաղաքական մշակույթ ձևավորելու, խաղաղ, հանգիստ, քաղաքակիրթ ձևով հանրահավաքները, երթերը, հանդիպումները անցկացնելու, անմտածված գործողությունները, սադրանքները կանխելու ջանքերը:
Երբ վերջին հանրահավաքին մասնակիցները դժգոհել են, գոռացել «Հիմա, հիմա», ի պատասխան Ր. Հովհաննիսյանը ասել է. «Ուժը արյուն չէ, ուժը մեր միասնությունն է, ուժը մեր հաղթանակն է, ոչ մի արյուն»:
Սրանով ամեն ինչ ասված է, սա Րաֆֆին է՝ ազնիվ, կիրթ, գրագետ, քաղաքակիրթ, հանդուրժող, ողջախոհ, մի խոսքով իսկական քրիստոնյա: Ընտրություններում նա հավաքել էր բավականին ձայներ, ըստ հայկական «ավանդական» իրականության, մեկ ուրիշը այլ կերպ կպահեր իրեն, կփորձեր ընդիմադիր դաշտում ցույց տալ իր առավելությունը, իր առաջինը լինելու փաստը: Բայց չէ, Րաֆֆին այլ է, նա ամենևին վատ չզգաց առաջինը հանդիպել ՀՀ Նախագահին, ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներին, ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին: Դա Րաֆֆին է, դա նրա նոր քաղաքական համեստության դրսևորումն է, մշակույթը… Հետո՞ ինչ, որ ըստ որոշների՝ խարիզմատիկ չէ, քի՞չ խարիզմատիկ տականքներ կան…
Սակայն հացադուլը, հայկական իրականությանը խորթ «գանդիզմը», քաղաքական ծայրահեղ քայլերը արդեն, իմ կարծիքով, փակուղի է… Ես` որպես ՀՀ քաղաքացի, որպես քրիստոնյա, չէի ցանկանա, որ Ր. Հովհաննիսյանը իրեն փորձության ենթարկեր, քայքայեր առողջությունը, ակտիվ քաղաքական պայքարը փոխարիներ նստացույց-հացադուլով:
Ինչևէ, այս ընտրությունները, հետընտրական զարգացումները լուրջ մտահոգություններ են առաջացնում, ուստի այս ամենից դասեր է պետք քաղել, լուրջ վերլուծություններ և քայլեր կատարել, այնպես անել, որպեսզի աստիճանաբար ձևավորվի փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս