«Էս խի՞ եք սև հագել». Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ կանանց. մամուլ
«Մարտի ութի առիթով պաշտոնյա կանայք ու կին պատգամավորները եղել են ոչ միայն Հովիկ Արգամիչի, այլև վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Տիգրան Սարգսյանը բոլորին նվիրել է փոքրիկ ծաղկեփնջեր, խթանել տեղական արտադրությունը՝ հայկական գինու և չամիչի «նաբոր» նվիրելով կանանց: Իսկ Սերժ Սարգսյանը կակաչների զամբյուղներ է ուղարկել նրանց:
Ամենաշռայլը, փաստորեն, եղել է Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես գրել էինք, վարդեր և երեք հարյուր հազարական դրամներ էր նվիրել տոնի կապակցությամբ և, դրան զուգահեռ, նաև հյուրասիրություն կազմակերպել, Աժ տիկնայք էլ, իրենց ամենագունեղ ու սիրուն շորերը հագած, մասնակցել էին այդ հյուրասիրությանը:
Ի դեպ, Հովիկ Արգամիչը, Աժ կանանց տոնն ամբողջական դարձնելու համար, շռայլ է եղել նաև կոմպլիմենտների հարցում, նա գովել է այն կանանց շորերը, որոնք կարմիր են եղել, և նեղսրտել նրանցից, ովքեր էլեգանտ «սևի» մեջ են եղել: Սևը նախընտրած են եղել Նաիրա Արտաշեսովնան և Արփինե Հովհաննիսյանը: «Էս խի՞ եք սև հագել»,- կատակել է Արգամիչը»: