Վարդան Ղուկասյանի «ժառանգությունը» (լուսանկարներ)
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012թ. Գյումրիում աղքատության ցուցանիշը կազմում է 47-48%: Դժվար չէ ենթադրել, որ աղքատության իրական մակարդակն ավելի մեծ է, քան վկայում են այս պաշտոնական ցուցանիշները: Ընդ որում` մինչ օրս Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը 6300-ից ավելի է: Սակայն սա չի խանգարել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որպեսզի համայնքային բյուջեի հաշվին կառուցի քաղաքապետարանի նոր շենք: Նորակառույց շենքի մի մասը հատկացված է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը (ԶԱԳՍ): Շենքը հսկայական տեղ է զբաղեցնում. շենքի ճարտարապետական կոնցեպտը լրիվ անհասկանալի է՝ Գյումրիի դիմագծերից դուրս, այլ կերպ ասած` Գյումրիին խորթ մի կառույց: Իսկ շենքի ներսն ավելի քան անհասկանալի է՝ իր ռեստորանային ճոխությանը վայել հարդարանքով, որտեղ երկրորդ հարկի պատին տեղադրված է Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» շարքի մի մասը:
Քաղաքապետարանի շենքի կառուցման համար հատկացված բյուջետային ծախսերի մասին 168.am-ը հետաքրքրվեց Գյումրիի քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից՝ հարցնելով, թե որքա՞ն գումար է հատկացվել համայնքային բյուջեից շենքի կառուցման համար: Նա նշեց, որ այդ պահին հստակ չի կարող ասել, թե որքա՞ն գումար է ծախսվել, սակայն հավելեց, որ նորանշանակ քաղաքապետն իր պարտականությունները ստանձնելուց հետո քաղաքապետարանի մեկ մասնաշենքը ստացել է ներքին հարդարման աշխատանքները չկատարված վիճակում: Զ. Եգանյանի փոխանցմամբ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ 1,3 մլրդ դրամի պարտք է «կուտակել» քաղաքապետարանում: Ընդ որում` այս գումարների մեծ մասը կազմում էին շինարարական ընկերությունների պարտքը: Օրինակ, «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ին, որը Գյումրիում կատարել է ճանապարհաշինական աշխատանքներ, ավելի հստակ` փոսալցումներ, քաղաքապետարանը պարտք է 60մլն 600 հազար դրամ, մեկ այլ շինարարական ընկերության` «Ախուրյան-Կոոպշինին», պարտք է 30մլն դրամ:
Ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ Գյումրի քաղաքապետարանի շենքի ներսից և դրսից։ Նշենք, որ առաջին լուսանկարում երևացող ֆուրշետի սեղանները նախապապատրաստվել էին Մարտի 8-ի առթիվ։