Ո՞վ իմանա, թե երբ է մահացել նախագահ Չավեսը. վենեսուելական ընդդիմություն
Ամերիկյան Univision իսպանախոս հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վենեսուելական ընդդիմության նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը մեղադրել է երկրի փոխնախագահ, արդեն իսկ նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյին՝ Ուգո Չավեսի առողջական վիճակի կապակցությամբ ստելու մեջ.
«Վերջին ամիսներին Նիկոլասը ստել է այս երկրներին: Ո՞վ իմանա, թե երբ է մահացել նախագահ Չավեսը: Իմ կարծիքով՝ ապրիլի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին Մադուրոյի մասնակցությունը հակասում է Սահմանադրությանը: Տեսեք, թե ինչպիսի հնարքներ են կիրառում, ինչպես են չարաշահում իշխանությունը և խախտում Սահմանադրությունը»:
Մադուրոն այդ հայտարարությունները որակել է որպես «սադրանք և պատմական լուրջ անպատասխանատվություն» և Վենեսուելայի ժողովրդին կոչ է արել տուրք չտալ դրանց: Բացի այդ, Մադուրոն վստահեցրել է, որ Չավեսի հարազատները պատրաստ են դատարանի միջոցով պաշտպանել Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդի պատիվը: