Տավուշի մարզպետը «խորհուրդ է տալիս» Զարուհի Փոստանջյանից հարցնել
Օրեր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Սյունիքի և Տավուշի մարզպետները պետք է հրաժարական տան: Ի դեպ, հիշեցնենք, որ այսօր Զ. Փոստանջյանը հանրահավաք է անցկացնելու Սյունիքի մարզկենտրոնում` Կապանում, որտեղ, ըստ նրա, գնացել է մարզպետի հրաժարականի պահանջով:
Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ինչպես արդեն հայտնել էինք երեկ, այս ընթացքում գտնվում է արտասահմանում` բուժման նպատակով: Այսօր հրաժարականի պահանջի մասին փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանից:
Ի պատասխան Զ. Փոստանջյանի հայտարարած պահանջի` Ա. Ղուլարյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանից հարցրեք, ինչի՞ եք ինձնից հարցնում»: Տավուշի մարզպետն իր բնավորությանը հավատարիմ մնաց նաև այս անգամ` խոսակցության կեսից անջատելով հեռախոսը, իսկ այնուհետև այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին: