Գերտերությունները սկսում են իրենց արածի մեջ «բուքսավատ» անել. ՄԱԿ խաղաղապահ առաքելություն լինելու է Թուրքիան. Գրիգոր Բալասանյան

Սեպտեմբերի 21-ին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկվեց  ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում։ Արբեջանի արտգործնախարարը ելույթում մատնանշեց  Նիկոլ Փաշինյանի երեկ հեռարձակված ելույթի այն հատվածը, որտեղ ասել էր, թե  «Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից չկա ուղիղ սպառնալիք»: Փաստորեն այս հղումով Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովը փորձել է հիմնավորել իրենց այն պնդումը, թե  «իրենց թիրախում խաղաղ բնակիչները չեն եղել»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո շատերը բարձրաձայնում էին, որ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ սա ուղիղ հարված էր ՀՀ շահերին։

168.amի հետ զրույցում ՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը անդրադառնալով  ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած ելույթներին, նախ անդրադարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկիի ելույթի վերաբերյալ տարբեր գնահատականներին, մասնավորապես, որ Ստեփանակերտն անվանել էր Խանքեդի: Գրիգոր Բալսանյանը պարզաբանեց՝ տեսանյութը կա, ՌԴ ներկայացուցիչն ասել է՝ «Ստեփանակերտ-Խանքեդի», ինչը բոլորովին տարբեր է։

«Այս իրավիճակում ես կարող եմ ասել, որ ռուսական կողմն ավելին է անում հիմա, քան պարտավոր են անելու, քանի որ 2022 թվականի հոկտեմբերից հետո նրանք Արցախում այլևս անելիք չունեին։ Իրենց տեսանկյունից ուղղակի ճիշտ կանեին, որ Արցախից դուրս գային, որովհետև եթե դու Արցախը հայտարարում ես Ադրբեջանի մաս, ըստ էության արդեն կասկածի տակ ես դնում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ողջ փիլիսոփայությունը, հետևաբար՝ ՌԴ-ն այնտեղ այլևս անելիք չունի, սակայն հղում անելով տարբեր բաների՝ մնացել է։

Կարդացեք նաև

Երեկ ՄԱԿ ամբիոնից հանկարծ մի քանի երկիր դարձավ Հայաստանի բարեկամ, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, մենք սա լսել էինք, բայց նաև լսել էինք, որ իրենց նավերը չեն կարող բարձրանալ Արարատ լեռը։ Լավ կլինի, որ մեր ժողովուրդն իր պատմությունից մի քիչ դասեր քաղի, էլի»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից տպավորություն է ստացել, որ բոլոր երկրները հավաքվել էին, որպեսզի ՌԴ-ին ասեին՝ դուրս արի Արցախից, քանի որ ՌԴ-ն ասում է, որ արցախահայության հետագա ճակատագիրը պետք է կարգավորվի ադրբեջանական սահմանադրությամբ և ռուս խաղաղապահ կոնտինգենտի հսկողությամբ։

«Գերտերությունները սկսում են իրենց արածի մեջ,  այսպես ասած՝ «բուքսավատ» անել, որովհետև չհասան ռուս խաղաղապահների դուրսբերմանը՝ անգամ այսքանից հետո։ Կներեք, բայց նրանք Էյֆելյան աշտարակի ամենաբարձր գագաթից թքած ունեն և արցախահայության վրա, և առհասարակ հայ ժողովրդի վրա՝ իրենց հետաքրքրում են  սեփական ու աշխարհաքաղաքական շահերը։ Ցավոք, հերթական անգամ հայ ժողովուրդն իր արյունով է վճարում մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղերի համար, դառնալով մանրադրամ այդ խաղերում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է հայկական կողմի պահանջին, որ ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություն պետք է ուղարկի Արցախ, Գրիգոր Բալասանյանն ասաց, որ այդ պահանջին  արձագանքելու է միայն Թուրքիան։

«Մտածում եք, որ Թուրքիայից բացի՝ այլ երկիր արձագանքելո՞ւ է, եթե անունը դնում ենք ՄԱԿ խաղաղապահ առաքելություն՝ լինելու է Թուրքիան։ Երբ այսօր տարածաշրջանում ասում ենք՝ Արևմուտք, հասկանում ենք՝ Թուրքիա, որովհետև այս տարածաշրջանն Արևմուտքի համար Թուրքիան փակել է։ Արևմուտքն անում է  այնպես, ինչպես Թուրքիան է ասում, որովհետև իրենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք են։ ՌԴ-ին քննադատողները ինչ կասեն այն հարցի մասին, թե ինչու է հենց այս պահին մեր մասին մտածող Միացյալ Նահանգները ռազմածովային ուժերի համագործակցության գծով հանդիպումներ ունենում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ և Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հետ։ Այսօր Արցախում, լավից թե վատից, որ բնակիչներին ապահովում են՝ ռուս խաղաղապահներն են, մենք էլ արդեն իրավունք չունենք խոսելու»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս