«Ես նրանց տեղեկացրել եմ, որ չներկայանալու դեպքում դուք կստանաք բացակա». Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի պարզաբանում է տարածել այսօր բողոքի ակցիային մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողներին հաստատությունից հեռացնելու սպառնալիքների մասին։

Նա մասնավորապես ասել է.

«Նախ, ես որպես հայ մտահոգված եմ ցանկացած իմ հայրենակցի՝ ազգի ներկայացուցչի ճակատագրով՝ կլինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում։ Ինձ համար բոլորն էլ թանկ են ու իմ արյունակիցներն են։ Առավել քան այսօր, երբ Արցախի հայությունը գտնվում է ամենածանր իրավիճակում և նրանց կարգավիճակն օրհասական է ու աղետալի։ Ես, որպես հայ, մտահոգված եմ և իրապես անելանելի իրավիճակում եմ հայտնվել՝ ինչպես այսօր իմ բոլոր հայրենակիցները։

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատության հետ կապված շրջանառվող լուրերին, ապա՝ որպես ուսումնական հաստատության ղեկավար, ես պարտավոր եմ ի պաշտոնե պահպանելու ուսումնական հաստատության ապաքաղաքական կարգավիճակը։

Ես ունեմ իմ քաղաքական հայացքները, բայց դրանք ես իրավունք չունեմ ո՛չ ստիպելու, ո՛չ ներկայացնելու, ո՛չ հանրայնացնելու իմ ուսանողների շրջանում, քանզի ես զբաղվում եմ կրթությամբ։ Քոլեջում չկա մի ուսանող, որ կարող է ասել, թե ես երբևիցէ խոսել կամ խոսում եմ իմ քաղաքական հայացքների մասին, կամ էլ՝ առավել ևս իմ գաղափարներն եմ պարտադրում կամ՝ սերմանում։

Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքին, ապա ասեմ․ առավոտյան երբ ես եկա աշխատանքի, ուսանողները հավաքված էին քոլեջի մուտքի մոտ։ Մոտեցա նրանց, ինձ դիմավորեցին «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառներով և հարցերցին՝ պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կարտահայտվեք․ Պատասխանս եղավ՝ այո, Արցախը ինձ համար Հայաստան է, ինչպես յուրաքանչյուր հայի համար։

Ինչ վերաբերում է նրանց դասին չներկայանալուն և հանրահավաքներին մասնակցելուն, ես նրանց տեղեկացրել եմ, որ չներկայանալու դեպքում դուք կստանաք բացակա։ Իսկ այն հարցին, թե իրենք պետք է գնան մասնակցեն, թե՝ ոչ, ես պատասխանեցի, որ դուք անչափահաս եք և մենք ձեր և ձեր անվտանգության համար պատասխանատվություն ենք կրում։

Եթե չեք ներկայանալու դասի և պատրաստվում եք լքել ուսումնական հաստատությունը, ապա՝ դրա մասին մենք պետք է տեղեկացնենք ձեր ծնողներին, քանի որ նրանք ձեզ ճանապարհել են ուսումնական հաստատություն՝ դասի։

Այդ երեխաները, որպես անչափահաս, կարող են հայտնվել բազմության մեջ, որտեղ ամեն տեսակի վտանգ կարող է լինել։ Իսկ ուսումնական հաստատությունը, ինքս որպես ուսումնական հաստատության տնօրեն, իրենց ծնողների հետ կիսում ենք նրանց կյանքի անվտանգ առօրյան կազմակերպելու գործը։ Ի դեպ, այդ մասին անմիջապես տեղեկացրել եմ նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ին։

Խնդրում եմ և պահանջում, չապաքաղաքականացնել ոչինչ՝ «Ազնավուր» քոլեջի անվան հետ կապված։ Ինչպես նաև, չօգտվել ստեղծված իրավիճակից, չքաղել դիվիդենտներ և այլ մեկնաբանություններ չանել։ Այս պահին քոլեջն աշխատում է բնականոն հունով։

Ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, իսկ Արցախն ինձ համար Հայաստան է»։

Տեսանյութեր

Լրահոս