Լոռու մարզում «Ֆոլկսվագենը» 20 մ գլորվել է ձորը. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 8-ին, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Լոռու մարզի Լերմոնտով գյուղից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի «Սոճիներ» կոչվող ճանապարհահատվածում «Ֆոլկսվագեն» մակնիշի՝ 17 ՍՏ 155 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և ընկել ձորը՝ գլորվելով 20 մ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Լոռու մարզի հրշեջ-փրկարարները, գյուղացիներն ու բժիշկները ճոպանների միջոցով ձորից դուրս են բերում 4 վիրավորի, ովքեր տեղափոխվելու են Վանաձորի բժշկական կենտրոն:
Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Դիլիջանի և Վանաձորի բաժինների աշխատակիցները և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:
Փրկարարների աշխատանքը ղեկավարում է Լոռու մարզի փրկարար վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, նշված ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ 33-ամյա Արմեն Հարությունյանի անվամբ: