Մեր ներկայացուցիչները գնալու են պարոն Աբրահամյանի մեյդան. Րաֆֆի Հովհաննիսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, Կանանց տոնի կապակցությամբ, Ազատության հրապարակում հրավիրվել էր հավաք, որին ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` շնորհավորելով կանանց և աղջիկներին` Մարտի 8-ի կապակցությամբ և հույս հայտնելով, որ այս մեկամսյակի ընթացքում` մինչև ապրիլի 7-ը և ապրիլի 9-ը, շատ փոփոխություններ են տեղի ունենալու Հայաստանում:

«Կեցցե՛ն մեր քույրերը, կեցցե՛ն մեր մայրերը, շնորհավոր լինի, հաղթանակ իրենց»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այնուհետև նա հայտարարեց, որ վաղը լինելու է Գեղարքունիքի մարզում: Շարունակելով` նա կրկին անդրադարձավ մարզպետների հրաժարականի թեմային` նշելով, որ Գեղարքունիքի մարզպետը, ինչպես և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պետք է հրաժարական տան:

«Մեր գործընկերները լինելու են (կիրակի օրը.- Ա.Ս.) պարոն Լիսկայի մոտ. Զարուհի Փոստանջյանը և մեր ընկերները` Ձեր ներկայացուցիչները, գնալու են Կապան և պահանջելու են Հայաստանի արդարությունը, ազատությունը և ազատագրումը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է լինեն նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղում, որտեղ, ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ նշված գյուղի համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցված: «Ծավ գյուղում գեղեցիկ ջրվեժ կա, ես էլ լողացել եմ այդ ջրվեժի տակ, և հենց դրա համար էս վախկոտ դատախազները, մարզպետները և նախագահները էդ խեղճ ու կրակ գյուղապետին վերցրել գործ են հարուցել: Մենք պիտի գնանք միասին, այդ ջրվեժի տակ լողանք և տեր կանգնենք այդ գյուղապետին, որ բերեց հաղթանակ Ծավ գյուղին»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Միևնույն ժամանակ, մեր ներկայացուցիչները գնալու են պարոն Աբրահամյանի մեյդան, որն իր սեփականությունը չէ, Արտաշատը մեր հնամենի մայրաքաղաքն է, և մենք գնալու ենք այնտեղ՝ նույն մարզպետին, նույն Աբրահամյանին ասելու համար, որ սա մե՛ր քաղաքն է, մե՛ր երկիրն է,- ասաց նա,- Գնալու ենք Ջրաշեն գյուղ, որտեղ ուզեցին գազի գծերը հանել, ասին` «դուք Րաֆֆուն ընտրեցիք՝ գազ չկա»: Դուք ձե՛ր գազի մասին մտածեք, որովհետև հայ ժողովուրդն ունենալու է ջուր, գազ, ապագա և աշխատանք: Չսպառնա՛ք»:

Կարդացեք նաև

Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կիրակի օրը` մարտի 10-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ, որը, նրա խոսքերով՝ «ցույց կտա ապագա ճանապարհը»:

Տեսանյութեր

Լրահոս