Շուտով, երբ կանչը հնչի, կլինի գործողությունների ժամանակը. Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ամբիոնից հայտարարեց՝ ստիպված է  խոսել իր ճեպազրույցի ժամանակ ասածների մասին, որոնցից հետ չի կանգնում։

«Ասածից իմաստն այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում, կարծում եմ՝ ոչ մեկը չի կասկածում, ապա հայրենասերների մեջ դրանից վախեցող չկա։ Առհասարակ, եթե դուք մի քիչ պատկերացնեք քաղաքական գործընթացները, կիմանաք, որ մասնավորապես 2018 թվականին ընթացող իրադարձությունների անարյունության պատասխանատուն  իշխանությունն է։ Իշխանության խոհեմության արդյունքում է, որ 2018 թվականին բախումներ չեղան, չնայած դուք դրան շատ էիք ձգտում, դրա համար դուք արեցիք ամեն ինչ։

Ստեղծեցիք ատելություն, ատելության մթնոլորտ, պրովոկացիաներ արեցիք, բայց դա չհաջողվեց, թեպետ ձեզանից որևէ մեկը դրանից չի խոսում։ Անարյունության մասին ձեր ելույթները կպատմեք էջմիածինցի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքին, ով դանակահարվեց 2018 թվականի ապրիլին ձեր կողմնակիցների կողմից, կամ կպատմեք 2022 թվականի հունիսին մեր ընկերոջը, ում անունը չեմ նշում, ով գլխի ծանր վնասվածք ստացավ, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ՝ կրակ բացելով խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Կասկած անգամ չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման, բայց ես նաև կասկած ունեմ՝ այդ հրամանը կատարող կլինի՞, թե՞ ոչ, ես գիտեմ, որ չի լինի»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Այնուհետև Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին, ով այսօր խորհրդարանի ամբիոնից հենց ակնարկելով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի ճեպազրույցից կարդացած հատվածը՝ հարց ուղղեց, թե ո՞ւմ արյամբ, ինչին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց՝ թեկուզ իր արյամբ։

Կարդացեք նաև

«Ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ արտերկրում ապրելու, այնպես որ, դրա քննարկումն ավելորդ է։ Հիմա ձեր մասին՝ ասածների շուրջ դուք դեռ մտածելու ժամանակ ունեք, ես շատ անգամներ եմ դա կրկնել, մեկ անգամ էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի։ Չեմ կարծում, որ այստեղ նստածներիցդ  բոլորդ եք պատրաստ դառնալ անկախ ՀՀ-ի վերջին գումարման ԱԺ պատգամավոր, մտածեք, դեռ ժամանակ կա։ Բայց շուտով, երբ կանչը հնչի՝ կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս