Շառլ Միշելի մամլո խոսնակի հայտարարությունը Հայաստանի վարչապետ կոչեցյալի հերթական դավաճանական քայլի բացահայտումն է. Ավետիք Իշխանյան

Երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հանդես է եկելհայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հետ: Հայտարարության մեջ նախ արձանագրված է, որ հումանիտար իրավիճակն Արցախում արագորեն վատանում է, և հրամայական է քայլեր ձեռնարկել՝ ուղղված տեղական բնակչության կարիքներին, ապա առաջարկել խնդրի լուծման իր տարբերակը, այն է՝ քայլ առ քայլ մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։

Շառլ Միշելի խոսնակի հայտարարության մեջ նաև հաստատվում է այն, որ բանակցությունների առանցքում Ակնայով (Աղդամ) Ստեփանակերտ բեռներ տեղափոխելու հարցը եղել է:

«Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքը: ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին համաձայնագրերի և ՄՔԴ-ի որոշման, և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար կարող է նաև լինել հրատապ և հիմնական կարիքների ամենօրյա ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս:Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ դրա՝ վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող ամբողջ բնակչության։

Կարդացեք նաև

«Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաև այսօրվա էսկալացիայի լույսի ներքո»,- նշված է Շառլ Միշելի խոսնակի տարածած հայտարարության մեջ:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց՝ «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի մամլո խոսնակի  հայտարարությունը կարելի է համարել Հայաստանի վարչապետ կոչեցյալի հերթական դավաճանական քայլի բացահայտումը»։

«Պարզվում է, որ Ակնայից (Աղդամ) դեպի Ստեփանակերտ, այսպես կոչված, հումանիտար ճանապարհի բացումը համաձայնեցված  է եղել ՀՀ վարչապետ-Ադրբեջանի նախագահ բրյուսելյան բանակցությունների ժամանակ։ Անսպասելի՞ էր, արդյոք, նման «իմ քայլը»։ Անկեղծ ասած, չնայած այս հինգ տարիների ընթացքում պետք է որ այս իշխանության այլևս որևէ քայլի վրա չզարմանայինք, բայց նման  դավաճանական «իմ քայլը»  դուրս է մարդկային երևակայությունից։ Սա հերթական թիկունքից հարվածն էր պաշարված, հերոս Արցախին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ փաստորեն լացակումած դիմումները տարբեր միջազգային կառույցներ՝ Հաագայի դատարան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և այլ ատյաններ, զուտ ձևական բնույթ էին կրում։

«Հետաքրքիր է, այս դավադրության մասին տեղյա՞կ էր այսօր հրաժարական տված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ենթադրում եմ՝ այո՛։ Այդ մասին են վկայում  նրա կեղծ մտահոգությունները և իբր լուծումներ գտնելու փորձերը։ Եվս մեկ հարց հատուկ հանձնարարություններով լուսավոր դեսպանին, որն իր պարտքն է համարում նույնպես լացակումած դիմումներ հղել տարբեր միջազգային մարմիններ և իր առաքելությունը համարում է լիովին կատարած։ Պարո’ն դեսպան, դուք տեղյա՞կ էիք, որ Ակնայի ճանապարհի բացումը եղել է քո տիրակալի համաձայնությամբ։ Եթե՝ ոչ, ապա այն բացահայտվելուց հետո ի՞նչ եք մտածում։ Պարզ է, շարունակել ծառայել դավաճանին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը նկատեց՝ այս իրավիճակում ողջ հայ ժողովրդի հույսը մնում է մաքառող, համառ, չհանձնվող արցախահայությունը։

«Եվ Հայաստանը պետք է սատարի հերոս Արցախին՝ շուտափույթ իշխանափոխություն կատարելով»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս