Շիրակի նոր մարզպետը չի՞ ազատվի Գիզիրյանի կադրերից (տեսանյութ)

Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելը ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի համար նորություն չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Շիրակի նորանշանակ մարզպետը: Galatv.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչ տրամադրությամբ է անցնում նոր աշխատանքի, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է. «Գնում եմ նորմալ տրամադրությամբ»: Վերջինս հայտնել է, որ Շիրակի մարզում, իհարկե, խնդիրները շատ են, սակայն ինքը կփորձի դրանց նախ հերթով ծանոթանալ և լուծում տալ: «Դժվարություններ միշտ էլ կան, բայց պետք է նախ ծանոթանանք այդ խնդիրներին»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:

Կազատվե՞ք արդյոք Աշոտ Գիզիրյանի կադրերից, հարցին ի պատասխան Ֆելիքս Ցոլակյանը ասել է. «Կադրային հարցեր դեռ չեն քննարկվելու, նախ ծանոթություններ, առկա խնդիրների ուսումնասիրում և այլն, այդ հարցերը դեռ էական չեն»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե` ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է կարճ՝ նորմալ է:

Շիրակի նորանշանակ մարզպետը հայտնել է, որ ինքը ծնունդով Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ջրափի համայնքից է և հույս ունի, որ շիրակցիները իրեն նորմալ կդիմավորեն և կընդունեն: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Շիրակի մարզպետ նշանակվում են ուժային կառույցների ներկայացուցիչները, Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է. «Միշտ չէ, որ այդպես է, վերջին երկուսը ուղղակի համընկել են: Բայց ես գնում եմ մարզ աշխատելու»:

Նշենք, որ Շիրակի նորանշանակ մարզպետը այսօր Շիրակի մարզ չի այցելի, Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ դեռ կիսատ գործեր ունի կարգավորելու ԱԱԾ-ում:

Տեսանյութեր

Լրահոս