Բոլորն առաջարկում են, բայց ոչ մեկը դեռ չի քննարկել

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ոչ իշխանական ուժերին ՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» առաջարկել է միասնական ցուցակով մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Նման առաջարկ արել էր նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանը: Այս առաջարկները, սակայն, պարզվում է, դեռ չեն քննարկվել կուսակցություններում:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ին հայտնեց, որ առաջիկա օրերին Երևանի  ավագանու ընտրությունների վերաբերյալ քննարկում հավանաբար կլինի  և հանրությանն այդ մասին կտեղեկացվի: Նրա խոսքով, կուսակցությունը պետք է առանձին քննարկի հարցը, նախ որոշվի առհասարակ մասնակցության հարցը, հետո՝ սկսեն նման առաջարկով հանդես եկող ուժերի հետ քննարկումը:

Այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ միասնական ցուցակը խմորումների առիթ կտա և հետագայում էլ դաշինքի ներսում խնդիրներ կառաջանան, ինչի փորձն արդեն ունի «Ժառանգությունը», Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Քանի դեռ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ, մենք հիմա հիպոթեզների շուրջ ենք զրուցում»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության վերաբերյալ  քննարկում տեղի չի ունեցել, և բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն այդ քննարկումից հետո: «Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության մեր ձևաչափի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան մի քանի օրից՝ կուսակցության քաղաքական խորհրդում, և միայն քննարկումներից հետո մենք մեր որոշումները կհրապարակենք»:

Կարդացեք նաև

Հարցին, թե կա՞ կուսակցությունում նախնական տրամադրվածություն՝ միասնական ցուցակով հանդես գալու հարցում, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե չի կարող պատասխանել, քանի դեո քննարկում չի եղել: «Կարծում եմ, որ կքննարկվեն բոլոր ռացիոնալ առաջարկները, դա ևս տարբերակ է, մենք որևէ քննարկումից չենք խուսափում, մենք որևէ տարբերակ ի սկզբանե չենք մերժում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կուսակցությունում գերիշխում է մասնակցելու վերաբերյալ դիրքորոշումը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նաև ասել էր, որ միասնական ցուցակ չլինելու դեպքում հնարավոր է՝ ՀՅԴ-ն առհասարակ չմասնակցի ընտրություններին: Թե «Ժառանգությունից», թե ԲՀԿ-ից այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չտվեցին՝ պնդելով, որ այս հարցը ևս պատասխան կունենա քննարկումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս