ՀԾԿՀ նախագահի ընտանիքի ունեցվածքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ապրիլի 19-ին. մինչ պաշտոնը ստանձնելը՝ 2018 թվականին, եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Իսկ մինչ կառավարական համակարգ մտնելը Բաղրամյանը եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս եւ հենց այդ տարիներին՝ 2017 թվականին, համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոտնակ, երկուսն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում։ ՀԾԿՀ նախագահ դառնալուց հետո՝ 2021 թվականին, Բաղրամյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել՝ անհատական բնակելի տուն Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։
Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը, չունենալով որեւէ անշարժ գույք, հայտարարագրել է 2015 թվականին արտադրված, Lexus մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին։
ՀԾԿՀ նախագահի՝ տարեսկզբին առկա 9 մլն 300 հազար դրամ բանկային հաշիվները տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 987 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 600 հազար դրամ եւ 2 հազար դոլար։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 974 հազար դրամ, որից 18 մլն 655 հազար դրամը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Եկամուտների աղբյուրներից տեղեկանում ենք, որ Բաղրամյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 5 մլն 161 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ 3 հիփոթեքով բնակարանների՝ բնակարանի, անհատական բնակելի տան, կառուցվող բնակարանի գումարը վճարելու համար։
Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 68 մլն 355 հազար դրամ։ Ֆինանսական մյուս աղբյուրները վարկեր են, նվիրատվություն եւ այլ եկամուտներ։ Բաղրամյանը հաշվետու տարվա ընթացքում վարկերի մարմանն է ուղղել 24 մլն 223 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 3 մլն 700 հազար դրամ գումար։ Նրա կինը՝ Զարուհի Բաղրամյանը, բացի մեքենայից, այլ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 273 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 հազար դոլար եւ 500 հազար դրամ։
Զարուհի Բաղրամյանի կնոջ՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1 մլն 098 հազար դրամ, որից 907 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ից, իսկ եկամուտների մյուս մասը, որպես այլ եկամտի տեսակ, ստացել է Ֆինանսների նախարարությունից ՝ 47 հազար դրամ, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 143 հազար դրամ»: