Բաժիններ՝

ՌԴ-ի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում տարակարծիք են ԿԺԴՀ-ի հետ կապված իրավիճակի շուրջ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Հյուսիսային Կորեայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Փհենյանի վրա՝ նպաստելով հյուսիս-արևելյան Ասիայում էսկալացիային: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ակնհայտ է, որ այսօրվա նիստի հրավիրումը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ-ի և դաշնակիցների ցինիկ, երեսպաշտ փորձ ՝ ճնշում գործադրելու Փհենյանի վրա և ուշադրությունը շեղելու տարածաշրջանում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների անխոհեմ, էսկալացիոն գործողություններից, որոնք միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքների իրական աղբյուր են հանդիսանում», – ասել է Նեբենզյան:

«Զարմացած ենք, որ Կորեայի Հանրապետությունում, Ճապոնիայում, Հյուսիսարևելյան Ասիայում ԱՄՆ-ի ապակառուցողական ակտիվությունը ոչ մի բառով չի հիշատակվել գլխավոր քարտուղարի օգնականի այսօրվա զեկույցում», – հավելել է նա:

Ընդ որում, Ռուսաստանը, Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքով, մշտապես հանդես է գալիս ցանկացած ռազմական ակտիվության դեմ, որն իր մեջ սպառնալիք է պարունակում Կորեական թերակղզու անվտանգության համար, և պատրաստ է մասնակցել Կորեական թերակղզու հարցերի կառուցողական լուծմանը:

Նա նշել է, որ Վաշինգտոնը Տոկիոյի և Սեուլի հետ միասին պարբերաբար սրում են իրավիճակը թերակղզու շուրջ: Նրա խոսքով ՝ դրան են ուղղված, մասնավորապես, ԱՄՆ դաշնակիցների տարածաշրջանային զորավարժությունները: Նեբենզյան նման գործունեությունը սադրիչ է անվանել: Բացի այդ, Նեբենզյան ընդգծել է, որ մտավախություն է առաջացնում միջուկային ոլորտում Վաշինգտոնի հետ Տոկիոյի և Սեուլի համագործակցության ավելացումը:

Նեբենզյան անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել Կորեական թերակղզում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղիներ փնտրել: Նա ընդգծել է, որ դեռևս արդիական է իրավիճակի կարգավորման ռուս-չինական գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է կոնկրետ քայլեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս