Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ պատահական մեկը «հեքիաթային» տարբերակով հանկարծ դառնում է պետության ղեկավար, այդ երկրում կյանքը վերածվում է շարունակական մղձավանջի, իսկ պետությունն էլ հայտնվում է կործանման վտանգի առաջ: Դա է հուշում Հայաստանի փորձը, առնվազն վերջին 3՝ «հետպատերազմական» տարիներին: Սա՝ ընդհանուր առմամբ: Իսկ մասնավորապես…

«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Սա ի՞նչ էր. հին օրերի հանգվույն՝ սեփական թերթի թռուցկաժողո՞վ, թե՞ այնուամենայնիվ, կառավարության նիստ է: Ի՞նչ հավաստի տեղեկություններ…

Այդ ամենը հետախուզական կառույցների աշխատանքի արդյունքում հստակեցված տեղեկատվությո՞ւն է՝ թշնամական ծրագրերի մասին, թե՞ գուժկան մտադրությունների անոնս, նախազդ:

Կարճ ասած՝ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության համար թիվ մեկ պատասխանատուն որպես ի՞նչ է նման «հավաստի տեղեկություններ» բարձրաձայնում կառավարության նիստում: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով է նա դա անում: Հայտարարում է, որովհետև արդեն այդ «հավաստի տեղեկության» մեջ նշված վտանգը չեզոքացնող քայլերի՞ է դիմել, թե՞ պարզապես «հոգեբանորեն» նախապատրաստում է հանրությանը Արցախի հայաթափմանը: Չնայած, կներեք, ի՜նչ վտանգ չեզոքացնելու մասին ենք խոսում մի անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որը բառ առ բառ հայտարարում է հետևյալը. «Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:

Ու բառացիորեն մի քանի վայրկյան հետո՝ նույն ելույթի վերջում, նույն անձը նման բան է ասում. «Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»: Ախր, ի՛նչ գրողի տարած «խաղաղության օրակարգ», երբ հենց նոր ինքդ ասացիր, թե ինչ է անում թշնամին, ինչու է դա անում, ինչ նպատակադրում ունի, դեռ մի բան էլ՝ քեզ «հավաստի տեղեկություններ» են հասել, որ Արցախի կոնկրետ հայաթափման դժոխային ծրագիր կա՝ ելնողներին ելք տալ, բայց չթողնել մտնել երկիր: Իմիջիայլոց, որպես ի՞նչ կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը կառավարության բաց նիստում, ի լուր բոլորի, այդ թվում ու առաջին հերթին՝ ի լուր մեր թշնամու, հայտարարում, կոնկրետ թվերով տեղեկացնում՝ Արցախի քանի բնակիչ է այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվում՝ չկարողանալով վերադառնալ տուն: Արցախի հազարավոր բնակիչների մասին այս կոնկրետ տեղեկությունները հրապարակելու իմաստը ո՞րն է:

Չէր կարելի՞, օրինակի համար՝ ասել «հազարավոր», առանց թշնամուն կոնկրետ տեղեկություններ մատուցելու: Ամենից կարևորը. Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին այդ ի՞նչ նոր առաջարկներ է փոխանցել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի» վերաբերյալ: Բա ժողվարչապետ էիր, բա ասում էիր, թե ինչ լինի՝ գալու ես հրապարակում ասես… Ո՞ւմ է Փաշինյանը հարցրել, ումի՞ց է համաձայնություն ստացել այս կամ այն առաջարկի վերաբերյալ, որ փոխանցել է Ալիևին: Միգուցե Փաշինյանի «նոր առաջարկներում» գրված է, որ 200 հազար ադրբեջանցի «վերադարձի» կեղծ օրակարգի տակ գալիս է բնակվելու Հայաստա՞ն:

Ի՛նչ իմանաս, եթե Փաշինյանը «առաջարկները» թաքուն է պահում, չի հրապարակում, այլ պարզապես փոխանցում է Ալիևին: Ի՜նչ «խաղաղության նոր առաջարկ»: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրից» է խոսում, ուրեմն մի նոր աղետ ու կորուստ է նախապատրաստվել Հայաստանի ու հայության գլխին: Արդեն երեք տարի այդ ռեժիմի ու մղձավանջի մեջ ենք: Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում»:

Տեսանյութեր

Լրահոս