Բաքվի ոստիկանությունը ցրել է Խիլալ Մամեդովի պաշտպանության օգտին կազմակերպված ակցիան (տեսանյութ)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների խումբն այսօր անցկացրել է հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն «Թալիշի ձայն» թերթի խմբագիր Խիլալ Մամեդովի:
Ակցիան անցկացվել է Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանի առջև, որին մասնակցել է ավելի քան 30 մարդ և որոնք հանդիսացել են Մամեդովի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ղեկավարներ:
Ակցիայի մասնակիցներն իրենց հագուստին են կցել Մամեդովի նկարը, որի վրա գրված է եղել «Ազատություն Խիլալ Մամեդովին»: Միևնույն ժամանակ ակցիան կրել է լուռ բնույթ և որևէ կարգախոս չի հնչեցվել: Սկզբնական շրջանում ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին, սակայն 15-20 րոպե անց ոստիկաններն ակցիայի մասնակիցներից պահանջել են ցրվել:
Դա վերջին 20 օրվա ընթացքում Մամեդովի պաշտպանության օգտին անցկացված երրորդ ակցիան է: Միևնույն ժամանակ դատարանի շենքում ընթացել է Մամեդովի գործով փակ լսումները: Մամեդովը հերթական անգամ, որպես բողոքի նշան, դիմակ է կրել, բամբակով փակել է ականջները և դեմքով շրջվել է դեպի պատ:
Մամեդովն Ադրբեջանում ձերբակալվել է 2012 թվականի հունիսի 21-ին՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով:
Այժմ նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (հայրենիքի դավաճանություն), 283-րդ հոդվածի 2-րդ կետով (ազգային ու կրոնական ատելություն բորբոքել) և 234-րդ հոդվածի 4-րդ կետով (թմրանյութերի ապօրինի պահում ու տարածում): Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:
Մամեդովը հանդիսանում է թալիշական հարսանիքի ժամանակ նկարահանված և YouTube վիդեոհոսթինգում տեղադրված Ты кто такой? Давай, до свидания! հիթի հեղինակը: Շատերի կարծիքով՝ Մամեդովի այդ խոսքերն ուղղված են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: