Բաժիններ՝

Ճապոնիան մտադիր է օվկիանոսի ջրի մասին հավաստի տվյալներ հրապարակել ատոմակայանից ջրահեռացումից հետո

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պարզորոշ տվյալներ հրապարակել օվկիանոսում ջրի վիճակի մասին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված հեղուկի բացթողումից հետո։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յասուտոսի Նիսիմուրան։

Օգոստոսի 24-ին Tokyo Electric Power (TEPCO) էներգետիկ ընկերությունն սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ նյութերից մաքրված ջրի առաջին խմբաքանակի բացթողումն օվկիանոս: Չինաստանի Մաքսային գլխավոր վարչությունը դրան ի պատասխան հայտարարել է, որ օգոստոսի 24-ից լիովին դադարեցնում է Ճապոնիայից ծովամթերքի ներմուծումը` ընդգծելով իր անհանգստությունը ջրահեռացման առթիվ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Չինաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել այդ սահմանափակումները։

Մաքրված ջուրը ստորջրյա թունելով 1 կմ հեռացվում է ատոմակայանի տարածից՝ նախքան օվկիանոս լցվելը։ Ջրահեռացման ինտենսիվությունը կազմում է օրական 460 տոննա ջուր։ Ընդ որում, յուրաքանչյուր տոննան նախապես նոսրացվում է 1200 տոննա մաքուր ծովի ջրով։ Աշխատանքների պլանի համաձայն՝ առաջին փուլում ենթադրվում է 17 օրվա ընթացքում բաց թողնել շուրջ 7800 տոննա մաքրված ջուր։

Ընդհանուր առմամբ, 2023 ֆինանսական տարում (ավարտվում է 2024 թվականի մարտի 31-ին) նախատեսվում է ատոմակայանից բաց թողնել ճառագայթումից մաքրված շուրջ 31,2 հազար տոննա հեղուկ։ TEPCO-ն ջրահեռացման մեկնարկի կապակցությամբ իր կայքում բացել է հատուկ բաժին, որտեղ հրապարակվում են օպերատիվ տվյալներ աշխատանքների կատարման վերաբերյալ, այդ թվում՝ ռադիացիոն ֆոնի մակարդակի չափումների արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս