Իլհամ Ալիևը հիանալի հնարավորություն է ստացել իր «զգուշացման խոստումը» կատարելու համար (տեսանյութ)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է Գյանջայի (Գանձակ) գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի անհարգալից պահվածքի մասին մի տեսանյութ:
Դրանում երևում է, թե ինչպես է Էլմար Վելիևը, հանդիսանալով Եվլախի գործադիր իշխանության ղեկավար, փողոցային բառերով վիրավորում մի գործարարի: Նշվում է, որ Վելիևը քանիցս նման կերպ վիրավորել է տեղաբնակներին, որոնք շարունակ տարբեր բողոքներ են հղում լրատվամիջոցներին:
Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած կառավարության նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործադիր իշխանությունների ղեկավարներին զգուշացրեց, որ նրանք իրենց պահեն նորմալ: Ալիևը նաև զգուշացրել է, որ պատժելու է ափերից դուրս եկած չինովնիկներին:
Այժմ Ալիևի մոտ հնարավորություն է հայտնվել՝ ապացուցելու համար, որ պետության ղեկավարն իր խոսքերի տերն է և որ իր խոսքերը քամուն չի տալիս: Ալիևը պետք է ապացուցի, որ նա իր զգուշացումն արել է հանուն նոր սոցիալական տիպի պայթյունների կանխման, ինչպիսիք որ տարեսկզբին գրանցվեցին Իսմայիլիում: