Պոլսահայ հայտնի լեզվաբանը Թուրքիայում մեղադրվել է Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանի դեմ: Նա մեղադրվում է իր ինտերնետային կայքում արված գրություններից մեկում Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեջ, որում նա իր կարծիքն էր հայտնել Մուհամմեդ մարգարերի մասին:

Նշանյանի այդ գրության դեմ բողոք է ներկայացրել 15 մարդ: Այժմ Նշանյանին սպառնում է 9 ամսից մինչև 1.5 տարվա ազատազրկում: Առաջիկա օրերին Նշանյանը ցուցմունքներ տալու համար կանչվելու է ստամբուլյան դատարան:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանը Նշանյանը հայտարարել էր, թե Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագույնը 16.000-ի անունները թուրքացվել են. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո սկսվել է տեղանունների թուրքացման գործընթացը, որը լայն թափ է հավաքել 1950-ական թվականներին, երբ ստեղծվեց «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողովը»։ 1980 թվականից հետո այդ գործընթացը բավական արգելակել է։

Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագայունը 16.000-ի անունները փոփոխված են։ Ամենաշատ փոփոխությունները կրել են հյուսիսարևելյան սևծովյան (Տրապիզոն, Ռիզե, Արդվին) և հարավարևելյան քրդական շրջանները։ Այս երկու տարածաշրջաններում տեղանունների փոփոխման ցուցանիշը կազմում է ավելի քան 75 տոկոս։ Որոշ վայրերում դա հասնում է 80-85 տոկոսի։

Միևնույն ժամանակ տեղանունների անվանափոխություն է տեղի ունեցել նաև երկրի բոլոր հատվածներում՝ Մուղլա, Յոզգաթ և այլն։ Տեղանունները փոխելու նպատակն բոլոր այն բաների հետքերի սրբումն է, որոնք թուրքական կամ իսլամական չէին։ Տեղանունները փոխարինվեցին թուրքերեն անուններով, փոխվեցին նաև այն թուրքերեն անունները, որոնք իրենց մեջ չէին պարունակում ո՛չ իսլամական, ո՛չ էլ թուրքական տարրեր»։

Տեսանյութեր

Լրահոս