Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է․ «Չանդրայան-3»-ը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա
Հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացը փափուկ վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։ Այսպիսով, Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Գիտնականները հույս ունեն Երկրի բնական արբանյակի հարավային բևեռում գտնել ջուր։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որն այժմ գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին, ողջունել է երկրի այս կարևոր ձեռքբերումը։
«Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է․․․ Հնդկաստանի լուսնային առաքելության հաջողությունը միայն Հնդկաստանինը չէ․․․ Մենք բոլորս կարող ենք ձգտել դեպի Լուսին և դրանից էլ այն կողմ», – ասել է Մոդին։
Օգոստոսի 21-ին Լուսնի հարավային բևեռում պետք է վայրէջք կատարեր ռուսական «Լունա-25» մոդուլը, սակայն օգոստոսի 19-ին «Ռոսկոսմոս»-ը հայտնեց, որ կայանի վրա չնախատեսված իրավիճակ է առաջացել, սարքը բախվել է Լուսնի մակերևույթի հետ և ոչնչացել։