Անսպասելի հայտնվեցի ադրբեջանցիների տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն, անպաշտպան էի զգում․ Էլեն Առստամյանը մանրամասներ է պատմում. tert.am

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին իրականացվել էր ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը։ Այդ ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է արցախցի Էլեն Առստամյանի հարցազրույցը, ինչը տարակարծություններ էր առաջացրել ու քննադատությունների արժանացել նաև հայկական մեդիա տիրույթում։

Tert.am-ի հետ զրույցում Էլեն Առստամյանը պատմել է տեղի ունեցածի մասին և մանրամասներ ներկայացրել։

Էլենի խոսքով՝ իր ամենամեծ վախը այդ պահին գերի ընկնելու վախն էր՝ հաշվի առնելով նախորդ երկու դեպքերը, որ տեղի էին ունեցել Վագիֆ Խաչատրյանի ու Ռաշիդ Բեգլարյանի հետ։

«Այդ օրը ընտանիքով գնացել էինք օդանավակայան, որտեղից ավտոբուսներով պետք է շարժվեինք դեպի ՀՀ։ Սկզբից ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց նախքան սահման հասնելը, ճանապարհին մի դեպք էր պատահել, ինչի պատճառով ես արդեն լարված էի։ Ավտոբուսի այն հատվածում, որտեղ ես էի նստած, ծուխ էր բարձրանում, ինչ-որ խնդիր էր առաջացել, երևի տաքությունից, ու ռուս խաղաղապահները անհապաղ մեզ դուրս հանեցին ավտոբուսից՝ ասելով, որ հնարավոր է այն պայթի։ Հետո, երբ հասանք անցակետի մոտ, ավելի լարվեցի, երբ տեսա զինված ադրբեջանցիների, հայ չկար, մի կողմում ռուս խաղաղապահներն էին, մյուս կողմում իրենք ու լարվածությունս կրկնապատկվեց»,- ասում է Էլենը։

Նրա խոսքով՝ անցակետի մոտ սպասելիս՝ լարվածությունն էլ ավելի է մեծացել, երբ իրենց են մոտեցել ադրբեջանցի օպերատորներն ու լուսանկարիչները և սկսել նկարահանել իրենց։

«Նրանց ուղղությամբ փորձում էինք չնայել, տեսանյութում էլ կարող եք տեսնել, որ ես մեջքով շրջված եմ ու երբ ինձ հարց են տալիս, շրջվում եմ ու անսպասելի հայտնվում այդքան տեսախցիկների առաջ։ Ընդհանրապես չէի սպասում, որ լրագրողները կարող է մոտենան ու հարց տան, ես մեջքով էի ու լրագրողներին չէի տեսել։

Եկան, սկսեցին ռուսերենով ինչ-որ հարցեր տալ, ես սկսեցի ավելի շատ լարվել, երբ լրագրող աղջիկը սկսեց ադրբեջաներենով ինչ-որ հարցեր տալ ու մոտ մի տասը լրագրողներով հավաքվեցին գլխիս։ Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր, որ հանկարծ մի բան էն չասեմ, ինձ չբռնեն տանեն, հատկապես, որ լսել էի նախորդ դեպքերի մասին։ Մտածում էի, ոչ մի վատ բան չասեմ, ի՞նչ անեի, ոչ հայ կար այնտեղ, ոչ ծանոթ, ոչ բարեկամ, մի աղջկա հետ էի ծանոթացել ճանապարհին, ինքն էլ կողքիս չէր այդ պահին, ինձ անպաշտան էի զգում, ռուսները, որ այնտեղ կանգնած էինիրենք էլ այդ պահին ոչինչ չեն արել»,- ընդգծում է Էլենը։

Հարցին՝ նախքան սահմանը անցնելը իրենց զգուշացրե՞լ էին հնարավոր նման դեպքերի մասին, աշխատանքներ չէի՞ն տարել, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում, Էլեն Առստամյանը պատասխանեց․

«Չէ, նման զրույց չի եղել, միայն ասում էին, որ հնարավոր է մեզ նկարեն, բայց չէին ասել, որ կարող է լրագրողներ մոտենան մեզ։ Երբ հասել էինք Գորիս, ինձ անծանոթ համարից ինչ-որ մեկը զանգել էր ու փորձում էր տեղեկանալ՝ ինչ է եղել, ինչու եմ նման բան ասել, չգիտեմ ով էր։ Այդ ընթացքում արդեն լարվել էր իրավիճակը, բոլորը ինձ վատ բաներ էին գրում։

Ինձ հետ նաև այս ընթացքում կապվել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անձամբ իր հետ ունեցել եմ հեռախոսազրույց։ Արդեն պարզ է, որ սա ադրբեջանցիների կողմից հատուկ էր կազմակերպված ու այդ տեսանյութը իրենք օգտագործեցին իրենց օգտին։ Ինձ քննադատող մարդկանց մեկ բան եմ ուզում փոխանցել՝ ես ոչ ոքից չեմ նեղանում, դա իրենց կարծիքն է ու իրենց քննադատելու իրավունքը; Աստված ամեն ինչ տեսնում է ու միայն Աստված գիտի՝ ինչ եմ ես այդ պահին զգացել։ Ինձ վիրավորանքներ գրող մարդիկ երևի չեն հասկացել, ես ինչ հոգեվիճակում եմ եղել»,- նշեց Էլեն Առստամյանը։

Տեսանյութեր

Լրահոս