ՌԴ-ն հայտնել է Բելգորոդի մարզում 3 զոհի, Ուկրաինան՝ Սումիի մարզում 2 զոհի մասին
Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վալույսկի շրջանի Լավի գյուղում առողջարանային համալիրի կրկնակի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ: Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք են նետել, երբ մարդիկ փողոցում էին: Երկու տղամարդ տեղում մահացել են ստացած վնասվածքներից։ Եվս մեկի կյանքի համար բժիշկները պայքարել են մինչև վերջ, սակայն ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին», – տեղեկացրել է մարզի ղեկավարը։
Ավելի ուշ Գլադկովը ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ ուկրաինական ուժերի գնդակոծության տակ են հայտնվել Գրայվորոնի շրջանի մի քանի բնակավայրեր։ Տուժածներ չկան, սակայն վնասվել է 9 մասնավոր տուն և 1 ավտոմեքենա։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում ուկրաինական կողմը ԱԹՍ-ներով Ռուսաստանի օբյեկտները գրոհելու փորձ է կատարել, սակայն «ՀՕՊ համակարգերի կողմից ԱԹՍ-ն հայտնաբերվել և ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում»։ Տուժածներ չկան։
Իսկ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Սումիի մարզի Ռոմնի քաղաքում գնդակոծության տակ է հայտնվել դպրոցը, առնվազն 2 ուսուցիչ զոհվել է։ ՆԳՆ փոխնախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ ևս 3 մարդ վիրավորվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։