Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել. Ադամ Շիֆը դիմել է Բայդենի վարչակազմին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին Twitter-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

«Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է։ Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և այլ հնարավորություններից։ Արդյունքում մարդիկ մահանում են»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ Արցախում ապրող հայերն այս պահին շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը` Լաչինի միջանցքը։

«Արձագանքը պետք է լինի հասցեական, ու այն պետք է լինի հրատապ կարգով»,-տեսաուղերձում ասում է Ադան Շիֆը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Անվտանգության խորհրդի նիստի մասին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հետ։

«Ցավոք, ոչինչ չստացվեց։ Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի ազատ հասանելիությունը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը»,- հայտարարել է Ադամ Շիֆը։

Ըստ կոնգրեսականի` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն, քան հիմա, և, առաջին հերթին, դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ այդ աղետը շարոնակվում է։ Վարչակազմը պետք է խոսի և գործի, հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն մահանալ։ Ես խորապես մտահոգված եմ հայոց նոր ցեղասպանության վտանգով»,- հայտարարել է կոնգրեսականը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հայաստանի դեմ հանգեցրել է հազարավոր մահերի, այդ երկիրը շարունակում է նաև ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը:

Դրանք, ըստ Ադամ Շիֆի, չափազանց լուրջ խնդիրներ են, բայց այս պահին առաջնահերթություն պետք է լինի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

Տեսանյութեր

Լրահոս