Բաժիններ՝

Ցուցարարները Ճապոնիայի վարչապետի նստավայրի մոտ բողոքում են «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն օվկիանոս բաց թողնելու դեմ

Տասնյակ մարդիկ, չնայած անձրևին, հավաքվել են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի նստավայրի մոտ, որպեսզի բողոք հայտնեն «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ռադիոակտիվ նյութերից մաքրված ջուրն օվկիանոս լցնելու դեմ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Հիշեցնենք, որ վարչապետ Կիսիդան հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ին։

Kyodo գործակալության հաղորդմամբ՝ Ճապոնիայի հյուսիս արևելյան շրջանների բնակիչները, ակտիվիստները և ձկնարդյունաբերությամբ զբաղվողները նույնպես բողոք են հայտնել կառավարության այս քայլի առնչությամբ։

2021 թվականի ապրիլին Ճապոնիայի կառավարությունը թույլատրել է օվկիանոս լցնել զգալի քանակությամբ ջուր, որն, ըստ պնդումների, ամբողջությամբ մաքրված է ռադիոակտիվ նյութերից, սակայն նախկինի նման պարունակում է տրիտիում` ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ:

Tokyo Electric Power ընկերությունում ընդգծում են, որ ջրում տրիտիումի պարունակությունը ջրահեռացումից առաջ հասցվում է անվտանգության Ռադիոլոգիական պաշտպանության միջազգային հանձնաժողովի և Ճապոնիայի կառավարության սահմանած նորմայի մեկ քառասուներորդ մասին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խմելու ջրի համար սահմանված թույլատրելի նորմայի մեկ յոթերորդ մասին:

Չնայած դրան, Տոկիոյի ծրագրերը մտահոգում են որոշ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանին և Չինաստանին։ Նախատեսվում է այդ ջուրն օվկիանոս լցնել փուլ առ փուլ՝ 30 տարվա ընթացքում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մտադիր է մշտապես վերահսկել գործընթացը. գործակալության մասնագետներն անցած տարիների ընթացքում կատարել են կայանի մի քանի տեսչական ստուգումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս