Ֆրանսիայի 64 դեպարտամենտներում բարձր մակարդակի սպառնալիք են հայտարարել տապի պատճառով
Օդերևութաբանները եղանակային վտանգի նարնջագույն և դեղին մակարդակներ են հայտարարել Ֆրանսիայի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտներից 64-ում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
Նշվում է, որ Meteo France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` «50 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի նարնջագույն (նախավերջին) մակարդակ, ևս 14 դեպարտամենտներում հայտարարվել է դեղին մակարդակ»։
Օդերևութաբանները հայտնում են, որ օգոստոսի 20-ին երկրի հարավի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Մասնավորապես, Կարկասոնում (Օդի դեպարտամենտ) ջերմաչափերի սնդիկի սյուները հասել են 40,8, Նիմում (Գարի դեպարտամենտ)՝ 41 աստիճանի նշագծին, իսկ ռեկորդակիրներ են դարձել Սալենդրը (Գարի դեպարտամենտ) և Գրոպիերը (Արդեշի դեպարտանենտ), որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 42,2 աստիճանի։
Այդ առնչությամբ օդերևութաբանները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս ցերեկը հնարավորինս դուրս չգալ տնից, ավելի շատ ջուր խմել, ինչպես նաև ուշադրություն դարձնել եղանակի նկատմամբ առավել զգայուն մարդկանց։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հանրապետության դեպարտամենտների գրեթե կեսը երաշտի պատճառով հրդեհների սպառնալիքի տակ է: