Բաժիններ՝

Զգալի հաջողությունների հասնելու համար հայկական ակումբներին նախևառաջ անհրաժեշտ է կայունություն․ Գրիգորյան

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը կարծում է, որ եվրագավաթներում հայկական ակումբների լավ մրցելույթների գլխավոր նախապայմանը պետք է լինի կայուն կազմ ունենալը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանն ընդհանուր գնահատական տվեց հայկական թիմերի միջազգային մրցելույթներին, ինչպես նաև անդրադարձավ մինչև 19 տարեկանների հավաքականի հետագա անելիքներին։

«Միանշանակ կարելի է պնդել, որ հայկական թիմերը Կոնֆերենցիաների լիգայի նախնական փուլի խաղերում վատ հանդես չեկան և նույնիսկ որոշ հանդիպումներում, ցուցադրելով համառություն, հասան դրական արդյունքի։ Երկրորդ մրցափուլում մեր թիմերին բաժին էին ընկել համեմատաբար ուժեղ մրցակիցներ, բայց, օրինակ, «Ալաշկերտ»-ը կարող էր իր լավ խաղով հաղթահարել հունգարական «Դեբրեցեն»-ի արգելքը։ Մի փոքր հիասթափեցրեց «Ուրարտու»-ն, որովհետև Հայաստանի չեմպիոնից սպասելիքներն ավելի շատ էին, և ուղղակի անհասկանալի էր երևանյան մրցավեճի երկրորդ խաղակեսը։ Մեր առաջատարներից «Փյունիկ»-ին երրորդ փուլում բաժին հասավ իսկապես զորեղ ախոյան, ու, չնայած ֆուտբոլիստների մոտ ձգտումն ու մոտիվացիան շատ բարձր էր, այդուհանդերձ, մեր թիմը բոլոր առումներով զիջեց նորվեգական ակումբին։ Մարզիչները պետք է հետևություններ անեն և աշխատեն սխալները շտկելու ուղղությամբ։ Սա է իրավիճակը․ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Գրիգորյանը։

Նրա կարծիքով եվրագավաթներում հայկական ակումբների լավ մրցելույթների գլխավոր նախապայմանը պետք է լինի կայուն կազմ ունենալը։ Շատ ակումբներ ստեղծվում են, կազմավորում իրենց հիմնական կազմը, բայց ընթացքում ֆուտբոլիստները հեռանում են՝ նոր խնդիրների առջև կանգնեցնելով մարզիչներին, ովքեր նորից պետք է զրոյից սկսեն թիմ կառուցելու աշխատանքները, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։

«Հասկանալի է, որ տեղափոխությունների հիմնական պատճառը ֆինանսական գործոնն է, հատկապես լեգեոներների պարագայում, ովքեր ձգտում են ավելի բարենպաստ պայմանների, բայցևայնպես ակումբները պետք է այնպես պլանավորեն իրենց գործունեությունը, որ գոնե երեք տարի հանդես գան կայուն կազմով։ Օրինակ՝ «Փյունիկ»-ը նախորդ տարի հանդես էր գալիս Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում, և, եթե նրան հաջողվեր պահպանել հիմնական կազմը, ապա այս տարի նույնպես կապահովեր առաջընթաց ու կհաղթահարեր նախնական արգելքը»,- ասաց մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչը։

Խոսելով հայկական ակումբներում արտասահմանցի ֆուտբոլիստների ու տեղի կադրերի հարաբերակցության մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ թեև լեգեոներներն ապահովում են մրցակցություն, այդուհանդերձ, տեղի կադրերն էլ պետք է ամեն ինչ անեն իրենց տեղը հիմնական կազմում ամրագրելու համար, առավել ևս, որ նրանց համար ֆուտբոլային ակադեմիաներում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, և ոմանք իսկապես հեռանկար ունեն և կարող են հավասարապես պայքարել արտերկրից ժամանած մարզիկների հետ։

Անդրադառնալով հատկապես Գյումրիի «Շիրակ»-ի վերջին տարիների նահանջին՝ մեր զրուցակիցը մատնանշեց նույն կայուն կազմի բացակայության հանգամանքը։ Նա հիշեցրեց, որ «Շիրակ»-ը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ նվաճեց չեմպիոնի կոչումը, քանի որ կարողացավ պահպանել հիմնական կազմը։ Գրիգորյանը հավելեց, որ մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես են գալիս գյումրեցի մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ապագայում ուժեղացնել հարազատ ակումբի խաղը՝ նպաստելով խաղամակարդակի բարձրացմանը, բայց դրա համար պետք է այսօրվանից տքնաջան աշխատեն ու կրկնապատկեն իրենց եռանդը։

Մեր զրուցակիցը բնականաբար չշրջանցեց իր ղեկավարած ընտրանուն և խոսեց հետագա անելիքների մասին։ Արդեն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստները Եվրո-2024-ի ընտրական փուլում մրցելու են Խորվաթիայի, Իսրայելի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած ընտրանիներն անցնելու են եզրափակիչ փուլ։

«Սեպտեմբերի 3-ին երկօրյա մարզահավաք անցկացնելուց հետո մեր հավաքականը կմեկնի Կիպրոս, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացնենք տեղի ընտրանու հետ։ Այնուհետև հոկտեմբերի 15-ին և 17-ին մեր տղաները կմրցեն լիտվացի հասակակիցների հետ։ Նոյեմբերին արդեն մեկնարկելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։ Մեր տղաներն ունեն համարժեք պոտենցիալ և կարող են պայքարել առնվազն երկրորդ տեղի համար։ Եզրափակիչ փուլ անցնելը մեր գերխնդիրն է, առավել ևս, որ հաջողության հասնելու համար ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է բոլոր պայմանները»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով իր սաների հետագա առաջընթացի և մասնավորապես ազգային հավաքականում ընդգրկվելու հեռանկարի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանց, այդ թվում նաև արտերկրից ժամանած հայազգի լեգեոներների աշխատանքի որակից, ունակությունների և հատկանիշների հետագա դրսևորումից։ Բոլոր թեկնածուներին միանշանակ տրվելու է հնարավորություն մինչև 19 տարեկանների հավաքականում խաղալու և իրենց լավագույն որակներն ի ցույց դնելու համար։ Մնում է, որ նրանք արդարացնեն մարզիչների ու ֆուտբոլասերների սպասելիքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս