Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է բոլոր անհրաժեշտ երաշխիքները բանտարկյալների փոխանակման համար

ԱՄՆ-ն Իրանին է տրամադրել անհրաժեշտ բոլոր երաշխիքները բանտարկյալների փոխանակման և Իսլամական Հանրապետության ակտիվների ազատման համար։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանի կառավարությունը և նրա դիվանագիտությունը կջանան օգտագործել իրենց ունեցած հնարավորությունները պետության և նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Իսլամական Հանրապետության ֆինանսական միջոցներն արգելափակվել էին ԱՄՆ-ի ճնշման ներքո անօրինական հիմքերով, իսկ մի շարք իրանցիներ՝ ձերբակալվել կեղծ պատրվակներով: Այս երկու հարցերն էլ եղել են Նախարարների կաբինետի օրակարգում։ Բանտարկյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ֆինանսական միջոցների ազատումը, որոնք պատկանում են Իրանի կառավարությանն ու ժողովրդին, կիրականացվեն երկուստեք համաձայնությամբ և սահմանված կարգով: Իրանը ստացել է բոլոր անհրաժեշտ երաշխիքներն այդ համաձայնությունների կատարման համար»,- նշել է Քանանին:

Օգոստոսի 10-ին The New York Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել է համաձայնության փաստը, սակայն հորդորել է սպասել Իսլամական Հանրապետությունից ԱՄՆ քաղաքացիների վերադարձին, որպեսզի վերջնականապես հայտարարվի գործարքի ավարտի մասին։

Գործարքի շրջանակներում Իրանը կստանա հասանելիություն 6 միլիարդ դոլար գումարի, որը սառեցվել է Հարավային Կորեայի բանկերի հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ակնկալվում է, որ կվերացվի իրանական ակտիվների արգելափակումը և դրանք կփոխանցվեն Կատար:

Տեսանյութեր

Լրահոս