Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի օջախներ են գրանցվել

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահի դրությամբ հայտնաբերված և անարյուն եղանակով ոչնչացված է 55 գլուխ խոզ՝ մոտավորապես 2900 կգ կենդանի քաշով:

«Բոլոր համայնքային անասնաբույժները իրազեկված են խնդրի մասին և աչալրջորեն հետևում են, որ հիվանդության ի հայտ գալու դեպքում կանխեն դրա հետագա տարածումը»,-շեշտեց Գևորգյանը:

Անդրադառնալով վարակի առաջացման պատճառներին՝ նա նշեց, որ խոզերի աֆրիկական ժանտախտը բարձր կոնտագյոզ (հպավարակ) վիրուսային հիվանդություն է, որը կարող է փոխանցվել ինչպես աղտահարված կերի կլանմամբ, այնպես էլ հարուցիչով վարակված տզերի խայթոցների, վարակված խոզերի հետ ուղիղ անմիջական շփմամբ, խայթող ճանճերի, վարակված խոզերի հյուսվածքներով, արյան, մեզի, կղանքի, ինչպես նաև արյունով աղտոտված իրերի (կոշիկ, հագուստ, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, ցամքար, կեր) միջոցով: Մեր զրուցակցի խոսքով՝ հիվանդության տարածումը կանխելու համար կատարվում է հանրության իրազեկում մասնագետների կողմից, սահմանափակվում է խոզերի տեղաշարժը, իսկ անասնատերերը պետք է խուսափեն խոզերը բաց պահվածքով պահելուց՝ աղբի և թափառող ու վայրի խոզերի հետ շփումից:

«Հիմնական պայքարի միջոցներն են՝ վարակված տարածքներում շարժի սահմանափակումը, ինտենսիվ վերահսկողությունը, վարակված կենդանիների հայտնաբերումը, ապա բոլոր վարակված և կասկածելի խոզերի մեկուսացումը և սպանդը: Վարակված կամ կասկածելի կենդանիների սպանդն իրականացվում է անարյուն եղանակով՝ դիակիզում և թաղում, այնուհետև վարակված և հարակից տարածքներում կատարվում է պարբերաբար ախտահանություն և ախտահանման պատնեշների տեղադրում»,-ներկայացրեց վարչության պետը:

Խոսելով վարակված կենդանու մսի մուտքը շուկա կանխարգելելու մասին՝ Գևորգյանը հավաստիացրեց, որ իրացման կետերում նման մսի վաճառքի հավանականությունը նվազագույն է, քանի որ դրա հետ պետք է լինի անասնաբուժական տեղեկանք, որը տրամադրվում է անասնաբույժի կողմից՝ նախասպանդային և հետսպանդային զննությունից հետո:

«Հիվանդության կասկածի դեպքում միսն ուղարկվում է «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ, որտեղ և տրվում է վերջնական պատասխան պիտանելիության վերաբերյալ»,-հավելեց անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետը՝ ընդգծելով, որ անասնաբուժական սպասարկման կայաններն իրենց կանխարգելիչ միջոցառումներով և վերահսկողությամբ անում են առավելագույնը՝ հնարավորինս առողջ և անվտանգ մսամթերք սպառողին հասցնելու ուղղությամբ, բայց ստեղծված իրավիճակում շատ կարևոր է նաև գնորդների պահանջատիրությունը՝ մսի առողջության մասին վկայող փաստաթղթի առկայության նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս