Տիգրան Ավինյանն այս քաղաքում 40 տոկոս քվե չի կարող հավաքել, իշխանափոխությունը մեր երկրում կարող է սկսվել սեպտեմբերին՝ հենց քաղաքապետի ընտրություններից. քաղաքագետ. «Փաստինֆո»
Ես չեմ հիշում այնպիսի ընտրութուններ, որոնք այս աստիճան անտարբերության ֆոնին տեղի ունենան: Նկատի ունենալով, որ այդ ընտրություններին գրեթե մեկ ամիս ժամանակ է մնացել, ապա, նույնիսկ, բավականին պասիվ վիճակ կարելի է արձանագրել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունը պետք է տեղի կունենան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին, որի նկատմամբ քաղաքացիները խիստ անտարբերություն են ցուցաբերում, անգամ հիմնական քաղաքական ուժերն առ այս պահն ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:
Բանախոսը նկատում է՝ ինքը` որպես կուսակցության ղեկավար,եւ կուսակցութունն իբրև դեմոկրատական այլընտրանք, առաջիկա քաղաքապետի ընտրությունների հետ կապված հստակ դիրքորոշում է ունեցել, որը մինչ այս պահն էլ որևէ փոփոխության չի ենթարկվել, այն է՝ կամ ընդդիմությունը կոնսոլիդացվում է և հնարավորինս համախմբված ցուցակով ներկայանում ընտրություններին, որովհետև միայն այդ պարագայում շատ մեծ է լինելու հավանականությունը, որ Երևանում իշխանության փոփոխություն տեղի կունենա և իշխանափոխության գործընթաց կսկսվի, որի մեկնարկը կտրվի հենց Երևանից կամ տեղի կունենա առանձին կուսակցությունների և ուժերի մասնակցություն, որին «Դեմոկրատական այլընտրնաք» կուսակցությունը չի մասնակցի, որովհետև այդ պարագայում ռեսուրսների փոշիացում է սպասվում։
«Նույնիսկ այսօրվա պատկերով, որն առկա է՝ առաջադրվողներով, այս իշխանութունը չի կարող օրինական ընտրությունների արդյունքում վերարտադրվել։ Սա վստահաբար եմ ասում՝ Տիգրան Ավինյանը չունի պահանջվող 40 տոկոս ձայների աջակցությունը,- ընդգծում է Սուրեն Սուրենյանցն ու հավելում, – մի առիթով ասել եմ և կրկնում եմ՝ եթե, նույնիսկ, Տիգրան Ավինյանը մրցակիցներ չունենար, նա միևնույն է չի կարող հավաքել նախատեսվող 40 տոկոս ձայները։ Ես ակնկալիք ունեմ, որ այս ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնողներից, առնվազն, մի քանիսին ընդդիմությունը հակված չէ խոչընդոտել։ Այդ թեկնածուներն են՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը՝ «Մայր Հայաստան» դաշինքով։ Գնդակը հիմա գտնվում է թվարկված այս ուժերի խաղադաշտում։ Եթե նրանցից որևէ մեկը կամ երեքով միասին կարողանան իշխանափոխության օրակարգով կոնսոլիդացնել քաղաքական դաշտն ու հասարակությանը, ապա ես ,վստահեցնում եմ, որ ընդդիմադիր մնացյալ ուժերը, նույնպես, կկոնսոլիդացվեն»,- ասում է քաղաքագետը։
Բանախոսի դիտարկմամբ`եթե շատ ընդդիմադիր ուժեր նառանձին – առանձին չեն առաջադրվել՝ մասնակցելու Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, ապա միայն նրա համար, որպեսզի շանս ընձեռնվի արդեն իսկ առաջադրված ուժերին միանալու՝ չմասնատելու էլեկտորատը. «Քաղաքապետի ընտրություններին մասնակցել պատրաստվող առնվազն երեք քաղաքական ուժ, որոնց մասին ես արդեն ասացի, իրենց հայտարարել են որպես այս իշխանությանն անհաշտ ընդդիմություն։
Անձամբ ես` որպես քաղաքական կուսակցության ղեկավար, որևէ ամբիցիա չունեմ։ Հետևաբար, մենք սպասում ենք համապատասխան քաղաքական ուղերձների և, եթե թվարկածս ուժերը չգնան իշխանության օրակարգով ընտրություններին մասնակցելու ուղիով, և մենք նրանցից համապատասխան ուղերձներ ստանանք, ապա, հավատացնում եմ, արդյունավետ ընտրարշավի դեպքում՝ Տիգրան Ավինյանն այս քաղաքում 40 տոկոս քվե չի հավաքելու։ Հետևաբար, շատ հանգիստ այս ընտրությունները կարող ենք օգտագործել՝ Երևանից իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Իշխանափոխությունը մեր երկրում կարող է սկսվել սեպտեմբերին, հենց քաղաքապետի ընտրություններից»,- ասել է Սուրեն Սուրենյանցը։