«Ուզում եմ, որ շատ խոսեն Արցախի մասին, չլռեն, շփվեն Արցախի երիտասարդների, երեխաների հետ». Արցախցի 11-ամյա Տիգրան-Բլոգեր
Գրեթե 8 ամիս է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր հումանիտար ճգնաժամի մեջ են՝ զրկված գազից, էլեկտրաէներգիայից և կյանքի համար անհրաժեշտ այլ պայմաններից։ Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցիալական հարթակում ակտիվ տարածվում են 11-ամյա արցախցի Տիգրան-Բլոգերի՝ Տիգրան Գաբրիելյանի կարճ տեսանյութերը: Նա պատմում է, թե ինչ դժվարություններ է առաջացրել շրջափակումը, և առհասարակ ինչպես է անցնում կյանքը շրջափակման պայմաններում։ Երբեմն՝ հումորով, երբեմն՝ դառը ճշմարտությունը ցույց տալով՝ արցախցի փոքրիկը հանրությանը ներկայացնում է Արցախում այսօր առկա դժվար իրավիճակը։
168.am-ը Տիգրանի հետ զրուցել է շրջափակման պայմաններում ապրելու և դրա հետևանքով առաջացած դժվարությունների մասին։
– Տիգրան, գրեթե 8 ամիս է, դուք և ձեր տարիքի երեխաները գտնվում եք ադրբեջանական շրջափակման մեջ, ինչպե՞ս եք մյուս երեխաների հետ ապրում այդ պայմաններում։
– Այո, 8 ամիսների ընթացքում մեր օրը գնալով ավելի է դժվարանում։ Քանի որ խանութներում չկա քաղցրավենիք, ուտելիքներ։ Օրվա մի մասը լույս և ինտերնետ չենք ունենում։ Ճիշտ է, ավելի հետաքրքիր է դարձել մեր առօրյան, բայց դրան զուգահեռ՝ իրականում շատ ավելի բարդ է։
– Առհասարակ, ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր առօրյայում, հետևո՞ւմ եք մեծահասակների առօրյային, նրանք ինչպե՞ս են կարողանում շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները լուծել։
– Տրանսպորտ չկա հիմա, այդ թվում՝ հասարակական տրանսպորտ, ինչն էլ լրիվ դադարեցրել է շարժումը բնակավայրերի միջև։ Գյուղացիները չեն կարողանում իրենց մթերքը բերել և վաճառել քաղաքում, իսկ քաղաքացին չի կարողանում համապատասխան ուտելիք գտնել։ Բացի այդ, շատ մարդիկ գործազուրկ են դարձել և չեն աշխատում։
– Շրջափակման ընթացքո՞ւմ եք որոշել բլոգ վարել, թե՞ այն վաղուց կար։
– Բլոգը վարում եմ 7 տարեկանից, հիմա արդեն 11 տարեկան եմ։ Ուղղակի այս շրջանում որոշել եմ իմ վիդեոբլոգի ուղղվածությունը մի փոքր փոխել և բարձրաձայնել բլոկադայի թեման։ Երեք տեսահոլովակ եմ նկարել այս ընթացքում, որոնցից առաջինը 800.000 դիտում է հավաքել, իսկ երկրորդը՝ 1.200.000, մյուսը դեռ նոր եմ ավելացրել, ընթացքում է։ Բայց բավականին շատ մարդ է իմացել Արցախի բլոկադայի մասին, իրավիճակի մասին։
– Այս ընթացքում փորձում եք տեսանյութերի միջոցով իրազեկել, թե ինչ դժվարություններ եք հաղթահարում շրջափակման մեջ գտնվելիս, նաև կոչ եք ուղղում աշխարհին անտարբեր չմնալ, կա՞ն արձագանքներ։
– Փորձել ենք, փորձում ենք։ Հուսամ, գոնե այսպես շատերը քնած տեղից կարթնանան։
– Ձեր հետևորդները միայն Հայաստանի՞ց են, թե՞ այլ երկրներից ևս կան։
– Այժմ ունեմ 15.000 հետևորդ Ֆեյսբուքում և 9000 հետևորդ Ինստագրամում։ Հետևորդներս գրեթե աշխարհի բոլոր ծայրերից են։
Մի քանի օր առաջ հարցում եմ իրականացրել Ինստագրամում, մեծ մասը Հայաստանից են, բայց քիչ չեն նաև ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Եվրոպայից հետևորդները։
– Եթե վաղը լինի Արցախի ապաշրջափակումը, առաջինն ի՞նչ եք անելու, որն անելու հնարավորությունից շրջափակման հետևանքով զրկված եք։
– Սկսելու եմ շրջել Արցախով մեկ, տեսնել Արցախի բոլոր տեսարժան վայրերը և ներկայացնել իմ հետևորդներին։
– Տիգրան, ի՞նչ ասելիք ունեք Հայաստանում, Երևանում ապրող ձեր հասակակիցներին, նրանք ի՞նչ կարող են անել շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաների համար։
– Ուզում եմ, որ շատ խոսեն Արցախի մասին, չլռեն, հնարավորության դեպքում շփվեն Արցախի երիտասարդների, երեխաների հետ։