«Փաշինյանի տիկինը հրաժարվել է այցելել այն ապաստարանը, որտեղ կանայք ու երեխաներն էին, և որի շենքի վերևում առավոտից ադրբեջանական անօդաչու թռչող սարքերն էին պտտվում». Մետաքսե Հակոբյան

«2020թ. ահասարսուռ պատերազմի երրորդ օրը ՀՀ առաջին տիկինը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության ԱԺ կին պատգամավորների հետ՝ ԱԺ ապաստարանում, որտեղ բավականին երկար ժամանակ դասախոսություն էր կարդում, որ մեզ դաշնակից ներկայացող ՌԴ-ն ամենևին էլ դաշնակից չէ, և այն, ինչի միջով մենք անցնելու ենք, դա հենց նրա հրահրմամբ է»,- 168.am հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ հանդիպումը նկարահանվել է Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների կողմից, բայց այդպես էլ եթեր չի հեռարձակվել:

«Եզրակացությունները, իհարկե, բազմաթիվ են այդ առումով: Այդ օրվա հանդիպման ժամանակ, երբ պարոն Փաշինյանի տիկինն առաջարկեց անել ինչ-որ մի բան մեզ համար, իմ գործընկերն առաջարկեց գնալ Սարոյան փողոցի շենքերի ապաստարանները, որովհետև այդ օրն առավոտից ադրբեջանական անօդաչու թռչող սարքերն էին պտտվում այդ շենքերի վերևում, որտեղ բավականին շատ կանայք, երեխաներ և ծերեր կային:

Քիչ անց ստացանք պատասխանը. Բնականաբար, մերժվեց առաջարկը, պատճառաբանելով, որ իր անվտանգությունից ելնելով՝ նպատակահարմար չեն գտնում այդ այցելությունը: Կազմակերպվեց հրապարակում մեր երիտասարդության պալատի ապաստարանում մի գեղեցիկ շոու, որտեղ իբրև թե ՀՀ առաջին տիկինը այցելեց երեխաներին և հուզաճմլիկ հանդիպում տեղի ունեցավ:

Ի պատասխան նման հայտարարությունների, որ իբրև թե տիկինը այստեղ որպես մի հասարակ կին՝ երեխաներին հաց էր տանում, կամ եզակի կանանցից մեկն էր, ով Ստեփանակերտում էր, կամ բարոյական աջակցություն և այլն, և այլն, տարբեր ծառայություններ էր մատուցում… Ամոթ է, ուղղակի ամոթ է նման ակնհայտ սուտը ցինիկ ձևով արտաբերելը: Արցախում բավականին երկար ժամանակ մայրերն ու երեխաներն էին, իսկ արդեն խաղաղ բնակչությանը ռմբակոծելու արդյունքում ուղղակի երեխաները տարհանվեցին, իսկ Արցախում բավականին շատ էին կանայք: Ես մինչև վերջին օրը Ստեփանակերտում էի և այդպես էլ ապաստարանի ծառայություններից չօգտվեցի, հակառակը՝ ամբողջ օրը շրջում էի ապաստարաններով, որպեսզի տեսնեի մարդկանց կարիքները և հնարավորինս օգտակար լինեի և անընդհատ Ստեփանակերտի փողոցներում կամ այլ վայրերում էի, որտեղ հնարավոր էր ինչ-որ կերպ օգնել խաղաղ բնակչությանը, ես այդպես էլ գոնե մեկ անգամ չհանդիպեցի ՀՀ առաջին տիկնոջը, և ընդհանրապես որևէ տեղ չլսեցի, որ ինքն այցելել է կամ, առավել ևս, հաց է տարել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս