ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը կարմիր գծերն են․ Փաշինյան

Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը կարմիր գծերն են։ Այս մասին Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ միջավայրում»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: «Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է որոշակի միջազգային մեխանիզմներ փնտրելու հարցին, որոնք կերաշխավորեն Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ապա Փաշինյանը պատասխանել է, որ դրանք աշխատանքային հարցեր են, որոնք «միայն մեր ընկալումներից չեն կախված»:

«Դրա համար ես չէի ուզենա որևէ կոնկրետ պատկերացում ընդգծելով՝ սահմանափակել հետագա խոսակցությունը, կամ մեզ համար սահմանափակումներ ստեղծել այդ խոսակցության մեջ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա և տեղի ունենա իրական երկխոսություն, այսինքն՝ տեղի ունենա խոսակցություն, որովհետև այդ խոսակցության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել անվստահությունը, ատելությունը, նույնիսկ լարումները և նույնիսկ ավելի լավ հասկանալ միմյանց»,- ասել է նա։

Խոսելով Սյունիքի, Ջերմուկի ուղղությամբ, Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ սպառնալիքների և պատերազմի հավանականության մասին՝ Փաշինյանն ասել է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից, պատերազմը շատ հավանական է։

«Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել։ Իհարկե, հավանականությունների տարբեր սանդղակներ կան, բայց սա որպես կանոն պետք է արձանագրել։ Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, սրան գումարվում է ատելության խոսքը, սրան գումարվում է աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ, ըստ էության, աշխարհակարգը, որը որոշ ժամանակ առաջ ենթադրում էինք, որ ինչ-որ ձևով գոյություն ունի, հիմա տեսնում ենք, որ մեծ հաշվով գոյություն չունի։ Սրան նպաստում է ռազմական բալանսի խախտումն Ադրբեջանի և Հայաստանի միջև և այլն, և այդպես շարունակ։

Եվ իհարկե, այո, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։ Եվ բառիս բուն իմաստով ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, ես շատ չափազանցնում եմ, շատ եմ չափազանցնում, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել։ Հինգ տարվա ընթացքում, ամենագերագնահատված գնահատականով, կարող է ունեցած լինենք երեք օր, երբ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել, այդ օրերից մեկը 2020 թվականի նոյեմբերի 11-ն է, սա էլ հանենք, այսինքն դրանից դուրս երկու օր, մեկը կասկածելի»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս