Կարծում եմ` «Գոյ» թատրոնի փակումը կապված է «Գարեգին Նժդեհ» ներկայացման հետ. Արթուր Սահակյան
Այսօր «Գոյ» թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Կարո Ասատրյանը տեղեկացրեց, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հայցադիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված N 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարույթ է ընդունվել և վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Ինչը ենթադրում է, որ մինչև դատարանի վերջնական որոշումը «Գոյ» թատրոնը չի փակվելու։
«Ամիսներ շարունակ «Գոյ» թատրոնի շուրջ որոշակի գործընթացներ են սկսվել, որի արդյունքում մենք հիմա գտնվում ենք դատական պաշտպանության փուլում։ Այս պահին իրավական առումով ունենք իրավիճակ, որ «Գոյ» թատրոնը չի փակվում, թեպետ ներքին համոզմունքս ասում է, որ առհասարակ չի փակվելու, բայց իրավական առումով կարող ենք ասել՝ չի փակվելու, մինչև հիմնական դատական ակտի կայացումը։
Ըստ էության մենք ունենք նորմատիվ իրավական ակտ Կառավարության կողմից ընդունված, որը ձևական առումով է նորմատիվ իրավական ակտ, որպեսզի պարզ լինի, ասեմ՝ սրանք այն որոշումներն են, որոնք անորոշ թվով մարդկանց համար իրավունքներ, պարտականություններ, նորմեր են առաջացնում»,- նշեց փաստաբանը։
Շարունակելով՝ փաստաբանն ասաց, որ կա որոշում, որով սահմանված են որոշակի գործողություններ, մասնավորապես՝ գործընթաց, որը հանգեցնելու է «Գոյ» թատրոնի այլևս գոյություն չունենալուն։ Բայց քանի որ որոշումը «Գոյ» թատրոնի հայցով վիճարկվում է, հենց այն հիմքով, որ այն ընդունվել է օրենքի խախտումներով, ուստի դրան պետք է գնահատական տա դատարանը։
«Այսինքն, խնդիր կա, և պետք է քննվի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, եթե այս գործընթացը տևելու է իքս ժամանակահատված, ցավոք, չեմ կարող ասել՝ որքան ժամանակ կտևի, իհարկե, կցանկանայինք՝ ամեն ինչ շուտ լիներ։ Բայց քանի որ վարչական դատարանը բավականին ծանրաբեռնված է, չգիտենք՝ վարույթ ընդունված որոշման վերաբերյալ դատական առաջին նիստը ե՞րբ կլինի, չեմ բացառում, որ նիստը տեղի ունենա, օրինակ, 6 ամիս հետո»,- պարզաբանեց Կարո Ասատրյանը։
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ հիշեցրեց, որ կամայականորեն 8 ամիս առաջ որոշեցին փոխել թատրոնի տնօրենին և Ֆրանսիայի դեսպանատան հետ ինչ-որ նախագիծ իրականացնել։
«Փետրվարի 8-ին «Գարեգին Նժդեհ» ներկայացումից անմիջապես հետո, հենց հաջորդ օրը մեր տնօրենի պաշտոնակատարը հրավիրվեց ԿԳՄՍ նախարարություն, նրան ասել էին, թե պայմանները բարելավվելու են, այդ պատճառով էլ միավորելու են Սունդուկյան թատրոնի հետ։ Հետո իմացանք, որ այդ որոշումը գնացել է Կառավարություն և ապրիլին Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի մեջ լինում է նաև «Գոյ» թատրոնի և Սունդուկյան թատրոնի միաձուլման վերաբերյալ նախագիծը»,- նշեց Արթուր Սահակյանը։
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ նման որոշում կայացնելու պատաճառը եղել է «Գարեգին Նժդեհ» ներկայացումը, Արթուր Սահակյանը պատասխանեց.
«Բազմիցս ասել եմ, որ ինձ թվում է՝ հենց դա է պատճառը, թեև ես գիտեմ, որ կա նաև այլ պատճառ՝ կոնկրետ ինձ հետ կապված։ Չգիտեմ, դուք ԿԳՄՍ նախարարի կարծիքը գիտե՞ք Գարեգին Նժդեհի մասին։ Մենք այդ հարցերին փորձում ենք պատասխանել ներկայացմամբ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում