Բաժիններ՝

Պենտագոնը հաստատել է, որ Հարավային Կորեա կուղարկվի միջուկային զենք կրելու ունակ սուզանավ

Միացյալ Նահանգները Կորեայի Հանրապետություն կուղարկի Ohio դասի ատոմային սուզանավ, որն ունակ է կրելու միջուկային զենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։

Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք սուզանավում գտնվելու են միջուկային մարտագլխիկներ։

Ռայդերին նաև հարցրել են՝ արդյոք Ohio տիպի ատոմային սուզանավը մշտապես է մնալու Կորեայի Հանրապետության ջրերում, թե կարճ ժամանակով է մտնելու այնտեղ։

«Առաջին հերթին, ես չեմ խորանա ապագա տեղակայման, դրա ժամկետների և նման հարցերի մեջ: Ինչպես հասկանում եմ, ապագայում ինչ-որ պահի, ինչպես դուք ասացիք, ամերիկյան Ohio դասի միջուկային սուզանավը կժամանի Հարավային Կորեա` հաշվետու այցով», – պատասխանել է գեներալը։

Հունիսի 29-ին հարավկորեական Yonhap գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է «մոտ ապագայում» միջուկային զենքով սուզանավ ուղարկել Կորեայի Հանրապետություն մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ։ Հունիսի 27-ին նման ծրագրերի մասին հաղորդել էր The Wall Street Journal թերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս