Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ռումինիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ:
Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հատկապես ԵՄ շրջանակներում և հաղորդակցության ոլորտում։
Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման։
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի մեր երկու երկրների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ, ինչին նպաստող կարևոր գործոններից է մեզ կամրջող ռումինահայ համայնքը»: