Շոտլանդիան պատրաստ է անդամակցել ԵՄ-ին՝ Բրիտանիայից անկախանալու դեպքում
Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայից անկախություն ստանալու դեպքում երկիրը պատրաստ է դառնալու Եվրամիության անդամ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է հունիսի 28-ին POLITICO եվրոպական պարբերականում հրապարակված հարցազրույցում։
«Շոտլանդիայի բնակիչների 62%-ը 2016 թվականին քվեարկել է Եվրամիությունում մնալու օգտին, – հիշեցնում է Յուսաֆը: – Եթե 2014 թվականին (խմբ.՝ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ընթացքում) նրանք իմանային, թե ինչ է լինելու 2016 թվականին, ես կասկած չունեմ, որ քաղաքացիները կքվեարկեին, որպեսզի Շոտլանդիան դառնա անկախ երկիր»:
Նախարարի խոսքով՝ այժմ Էդինբուրգի անկախությունն է՛լ ավելի էական առաջնահերթություն է դարձել երկրի համար։ Որպես ԵՄ նախկին անդամ՝ Շոտլանդիան ունի եվրոպական իրավական գործելակերպերին հետևելու բազմամյա փորձ, ինչն, ըստ Յուսաֆի, երկրին զգալի առավելություն է ընձեռում եվրոպական դաշինքին միանալու հարցում՝ մյուս թեկնածուների, օրինակ՝ բալկանյան երկրների համեմատությամբ:
Մարտին Համզա Յուսաֆը նշանակվեց Շոտլանդիայի առաջին նախարար՝ փոխարինելով 2014 թվականից այդ պաշտոնը զբաղեցրած Նիկոլա Սթերջենին։ 2022 թվականի նոյեմբերին Սթերջենը հայտարարել էր, որ կենսական անհրաժեշտություն է համարում Էդինբուրգի անկախությունն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Շոտլանդիայի իշխանություններին զրկեց այդ հարցով նոր հանրաքվե կազմակերպելու իրավունքից: