Սուդանի «Արագ արձագանքման ուժերը» միակողմանի երկօրյա հրադադար են հայտարարել
Սուդանի «Արագ արձագանքման ուժերի» (ԱԱՈւ) ղեկավար Մուհամադ Համդան Դագլոն միակողմանի հրադադար է հայտարարել Կուրբան Բայրամ (Իդ ալ Ադհա) տոնի ժամանակաշրջանում։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Դագլոն հայտնել է, որ միակողմանի հրադադարը կգործի հունիսի 27-ին և 28-ին՝ բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի։
Առայժմ այս թեմայով հայտարարություններ չեն եղել ԱԱՈւ-ի դեմ պայքար մղող Սուդանի զինված ուժերի կողմից։
Սուդանում մարտական գործողությունները շարունակվում են ապրիլի կեսերից։ Բախումներ են տեղի ունենում երկրի զինված ուժերի և «Արագ արձագանքման ուժերի» միջև։ Հակամարտությունն արդեն ավելի քան 3 հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 6 հազարը վիրավորվել են։ Բախումները հրահրել են միգրացիայի կտրուկ աճ դեպի հարևան երկրներ և մարդկանց տեղաշարժը երկրի ներսում: Փախստականների թիվն այնտեղ ներկայում գերազանցում է 2,2 միլիոնը։