Բլինքենը Սերբիայի նախագահի և Կոսովոյի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանի լարվածության ապաէսկալացման խնդիրը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի առանձին հայտարարություններում, որոնք տարածվել են Վուչիչի և Կուրտիի հետ Բլինքենի հեռախոսազրույցներից հետո։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ և նրան կոչ է արել ապաէսկալացնելու լարվածությունը Կոսովոյի հետ հարաբերություններում», – ասված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարը նաև ողջունել է Սերբիայի իրավապահների կողմից ձերբակալված կոսովցի երեք ոստիկանների ազատ արձակման մասին լուրերը:
Կուրտիի հետ զրույցում նույնպես ԱՄՆ պետքարտուղարը մատնանշել է «անհապաղ ապաէսկալացման» անհրաժեշտությունը։ Երկու հեռախոսազրույցների ընթացքում արծարծվել է նաև իրադրության կարգավորման ծրագիրը ԵՄ-ի հովանու ներքո։ Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին հավանություն է տալիս Եվրամիության այդ նախաձեռնությանը: