Բաժիններ՝

ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը հետաքննում է «Տիտան» սուզանավի կործանումը

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը սեփական հետաքննությունն է անցկացնում՝ կապված «Տիտան» սուզանավի վթարի հետևանքով հինգ մարդու զոհվելու հետ։ Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այդ մասին հայտնել է գերատեսչության գլխավոր քննիչ Ջեյսոն Նոյբաուերը՝ հանդես գալով Բոստոնում կայացած մամուլի ասուլիսում։

Նոյբաուերի խոսքով՝ գերատեսչությունն այժմ զբաղվում է հանցանշաններ հավաքելով և սուզանավի նոր բեկորներ է փնտրում Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմուտքում՝ դրա սուզվելու վայրի մոտ: Բացի այդ, քննիչները վկաներին հարցաքննում են կանադական Սենթ Ջոնս նավահանգստում, ուր վերադարձել է «Տիտան»-ը սուզման վայր հասցրած Polar Prince նավը:

Նոյբաուերը հայտարարել է, որ իր ղեկավարած հետաքննության գլխավոր խնդիրը նմանատիպ վթարներն ապագայում կանխելու համար հանձնարարականների ցանկի կազմումն է։ Սակայն անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը կարող է իրավապահ մարմիններին հանձնարարել քրեական կամ վարչական վարույթ սկսել: Ամերիկյան գործակալությունը համագործակցում է Կանադայի տրանսպորտի անվտանգության գործակալության հետ, որը նույնպես հետաքննում է ողբերգության հանգամանքները։

«Տիտան» սուզանավն իրեն ուղեկցող նավի հետ կապը կորցրել էր հունիսի 18-ին՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց: Ռոբոտ սուզվող սարքը ծովի հատակին՝ «Տիտանիկի» խորտակման վայրից գրեթե 480 մ հեռավորության վրա, հայտնաբերել էր սուզանավի 5 տարբեր խոշոր մասեր: Սուզանավի մասերի հայտնաբերումից հետո ավարտվել էին 5 օր տևող որոնողական աշխատանքները, որոնց ընթացքում հետազոտվել էր օվկիանոսի գրեթե 20 հազար քառ. կմ տարածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս