Ադրբեջանցիների` Հայաստանն Արցախին կապող կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանցիների` Հայաստանն Արցախին կապող կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է:
2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ադրբեջանի կողմից բազմիցս բռնաբարված եռակողմ հայտարարությունը, հստակ սահմանում էր միջանցքի անխափան գործելու հանգամանքը և դրա անվտանգությունը վերապահված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը և վերջիններս ոչ թե պետք է Բաքվին հերթական կոչերը հղեն, այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կատարեն:
Բրյուսելն ու Վաշինգտոնը հստակ գիտակցում են, որ Արցախի հարցով առկա բանաձևերը ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հայ ժողովրդի ողբերգությանն են բերելու, սակայն նրանց համար իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջնահերթ:
Հայաստանի իշխանությունը միջազգային դերակատարների առաջ ողբալուց առաջ պետք է կանգ առներ, հանրությունից ներողություն խնդրեր ու հայտարարեր, որ խրվել է իր ապազգային գործունեությունում և անկարող է ապահովել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը. թողներ ու հեռանար:
Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից, իրենց բարբարոսությունն ու ոչ պրագմատիկ քաղաքականությունը բերելու է ռևանշի և Ադրբեջանի օրվա իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցը լուծել, իրականում այն փոխանցել է սերունդներին, որովհետև այն, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը` վառոդի հանքի կոնսերվացում է և մի օր պայթելու է:
Որքան էլ, որ Հայաստանում դեռ չի հաջողվում իշխանափոխություն անել, սակայն գլխավոր խնդիրը հստակ է:
Արցախը պետք է բոլոր կողմերի համար ընկալելի սահմանի, վերահաստատի իր նպատակները և սպասումները, իրադրության ճիշտ գնահատականների պայմաններում առաջ շարժվի, այլ ճանապարհ չկա»։