Ռուսական թատրոնը «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումով կմեկնի փառատոնի և հյուրախաղերի
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի արտերկրում գործող ռուսական թատրոնների միջազգային 5-րդ փառատոնին, որը կանցկացվի Նաբերեժնիե Չելնի քաղաքում։
Հունիսի 23-ին ռուսական թատրոնը կցուցադրի Ա.Ն. Օստրովսկու պիեսի հիման վրա բեմադրած «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Պիեսի առանցքում խելքից, գեղեցկությունից ու տաղանդից զուրկ զվարճալի մարդուկն է, որը փորձում է դասավորել իր կյանքը, երազում է, կամակորություններ և հիմարություններ է անում և անսպասելիորեն շահած է դուրս գալիս ստեղծված իրավիճակից: Հեղինակային վերամբարձ, միաժամանակ անասելի թեթև տեքստում սուր հեգնանք կա, ժանրային զվարճալի պատկերներում՝ անողոք սարկազմ:
Ներկայացման մեջ զբաղված են Լալիտա Բուկիան, Անտոն Աղաջանյանը, Ելենա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը, Յուլյա Ժդանովան, Անաիդա Գաբրիելյանը, Լև Նալբանդյանը, Ելենա Եսայանը, Թեհմինե Խաչատրյանը։ Ներկայացման բեմանկարիչն Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարերը՝ Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի:
Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին: Ծրագրում ընդգրկված են 7 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։ «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը կմեկնի նաև հյուրախաղերի Սարատով (ՌԴ)՝ «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակում։ Սարատով քաղաքում ռուսական թատրոնը կներկայացնի նաև Դ.Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը (բեմադրությունը՝ Կարեն Ներսիսյանի)։
Տասնմեկ կարճ պատմվածքներ կյանքի իմաստի և այսօրվա մասին: Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։
Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Գայանե Չոլակյանի, խորեոգրաֆիան՝ Արա Ասատուրյանի։ «Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի հունիսի 25-ին Սարատովի Սլոնովի անվան դրամատիկական թատրոնում, իսկ «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ հունիսի 26-ին Սարատովի Յ.Պ. Կիսելյովի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի Պատմական բեմում։