Հնդկաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Իլոն Մասկի և այլ անվանի մարդկանց հետ
Եռօրյա պետական այցով ԱՄՆ-ում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Յորքում հանդիպել է ամերիկացի ճարտարագետ, գործարար, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հետ:
Զրույցից հետո Twitter-ում Մոդին գրել է, որ Մասկի հետ զրուցել է տարբեր թեմաների շուրջ՝ էներգիայից մինչև հոգևոր հարցեր: Իր հերթին Մասկը գրել է, որ իր համար պատիվ էր դարձյալ հանդիպելը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Իլոն Մասկը հայտնել է, որ Մոդիի մեծ երկրպագուն է: Մասկը նախատեսում է հաջորդ տարի այցելել Հնդկաստան և ակնկալում է լուրջ ներդրումային հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:
Business Today պարբերականն էլ հայտնում է, որ Մոդին հանդիպումներ է ունեցել նաև այլ անվանի մարդկանց հետ, այդ թվում՝ ներդրող Ռեյ Դալիոյի, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնի, մաթեմատիկական վիճակագիր Նասիմ Նիկոլաս Թալեբի, գրող Ռոբերտ Թուրմանի և տնտեսագետ Փոլ Ռոմերի հետ: Հնդկաստանի վարչապետը նրանց հետ քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում՝ տիեզերքը, ներդրումները, Հնդկաստանում զարգացման քայլերը, բուդդայականությունը և տեխնոլոգիաները:
Հնդկաստանի վարչապետն իր այցի ընթացքում ելույթ կունենա ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին, կհանդիպի գործարար շրջանակների և Հնդկաստանի սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերի հանդիպման օրակարգում են առևտրի և պաշտպանական ոլորտում համագործակցությունը: