Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը. Արտակ Բեգլարյանը հրատապ քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը:
«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120 հազար ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:
Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»,- նշված է գրառման մեջ: