44-ամյա տղամարդը շինարարական դանակով անզգուշությամբ վնասվածք էր պատճառել 36-ամյա երիտասարդին
Հունիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել վանաձորցի 36-ամյա երիտասարդի, որն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել էր Վանաձորի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում. կտրող-ծակող առարկայով վնասվածքը պատճառել էր 44-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին ներկայացել է Բազումի բաժին: Նա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդը հունիսի 17-ին հաղորդում են տվել, որ հունիսի 16-ին Րաֆֆու փողոցի վերոհիշյալ հասցեի՝ որպես պահեստ ծառայող սենյակում աշխատելու ընթացքում 44-ամյա տղամարդը շինարարական դանակով անզգուշությամբ վնասվածք էր պատճառել 36-ամյա համաքաղաքացուն:
44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: