Իսրայելը մտադիր է արագացնել բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին
Իսրայելի նախարարների կաբինետը հունիսի 18-ին հավանություն է տվել այն բանաձևին, որը թույլ է տալիս զգալիորեն արագացնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերում նոր շինությունների հաստատման գործընթացը: Այդ մասին տեղեկանում ենք Axios լրատվամիջոցից:
«Բանաձևը սահմանափակում է վարչապետի և պաշտպանության նախարարի վերահսկողությունը բնակավայրերում շինարարության պլանների հաստատման վրա՝ փաստորեն նվազեցնելով ԱՄՆ-ի և մյուս երկրների հնարավորությունը՝ նման պլանների իրագործումը դադարեցնելու նպատակով կառավարության վրա ճնշում գործադրելու», – նշում է Axios հարթակը:
Այժմ հարկավոր կլինի քաղաքական մակարդակով շինարարության պլանները հաստատել միայն պլանավորման նախնական և վերջնական փուլերում, երբ հայտարարվեն կապալառուների համար հայտամրցույթները։ Լրատվամիջոցը պարզաբանում է, որ այս որոշումից առաջ համաձայնեցման գործընթացը ներառում էր չորս-հինգ փուլ։
Ինչպես հաղորդում է Axios-ը, Իսրայելի կառավարությունն ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմին արդեն տեղեկացրել էր Հորդանան գետի Արևմտյան ափին մի քանի գոյություն ունեցող բնակավայրերում առնվազն 4 հազար բնակարան կառուցելու ծրագրերի մասին։
Ջո Բայդենի վարչակազմը քանիցս հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Իսրայելի ցանկացած միակողմանի քայլի, ներառյալ՝ բնակավայրերի ընդլայնմանը, որը կվնասեր իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ երկու պետությունների գոյակցության սկզբունքների պահպանման հիման վրա:
Իսրայելի նախարարների կաբինետի այս րոշումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել իրադրության զարգացման կապակցությամբ։