Օվերչուկը մանրամասներ է ներկայացրել կոմունիկացիաների ապաշրջափակման փաստաթղթի նախագծից
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթղթի նախագիծ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին տված հարցազրույցում։
Փաստաթուղթն արձանագրում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, արձանագրում է հիմնական մոտեցումներն Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի վերաբերյալ։
«Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում այն իրողությունը, որ տվյալ ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են, հետևաբար ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց, հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»,- ասել է Օվերչուկը։
Նրա պնդմամբ՝ աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Տվյալ դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով կիրականացվեն ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։ Բնականոն կյանքն ու առևտուրը վերականգնելուց հետո հին քինախնդրությունն աստիճանաբար կսկսի երկրորդ պլան մղվել։
«Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխազդելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել՝ վստահ լինելով, որ այլ երկրի տարածքում այդ մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեին»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի տեղեկացմամբ՝ կողմերը դադարներ են վերցնում՝ ներգրավելով փորձագետների, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ ու ճշգրիտ վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի երկրների միջև, որոնք, հուսանք, թևակոխում են հարաբերությունների նոր՝ խաղաղ փուլ։
Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է փոխվարչապետների մակարդակով, թեև հիմնական հարցի ուղղությամբ, թե ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։
«Հանուն հապճեպ փաստաթղթի ստորագրման ոչ ոք երկրորդ պլան չի մղի մարդկանց ու ապրանքների անվտանգ շարժը նշված ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որը դեռ չի տալիս այն հարցի պատասխանը, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը»,- եզրակացրել է ՌԴ փոխվարչապետը։