ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են Հայաստանում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը հույս է հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային քրիստոնեական ժառանգության պահպանման, տարածման, միջազգայնացման համատեղ նախագծեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը, որը մեծ խթան կհանդիսանա միջմշակութային կապերի խորացմանն ու զարգացմանը:

Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթ. երկամյակի համար) երկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ անգնահատելի է Սուրբ Աթոռի առաքելությունը խաղաղասիրական արժեքների հաստատման գործում և վստահություն հայտնել, որ քրիստոնեական արժեքների նկատմամբ պատասխանատվությունը համընդհանուր է:

Կողմերը պատրաստակամություն են հայտել համագործակցային ջանքերն ուղղել մշակույթի ոլորում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս