Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտարարել է Չինաստանի հետ համագործակցության ձգտման մասին

Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային գործընկերներից մեկը, ձգտում է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ՝ չնայած արևմտյան երկրների մտավախություններին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը՝ հանդես գալով Էր Ռիադում արաբ և չինացի ձեռնարկատերերի տասներորդ խորհրդաժողովում։

«Այսօրվա իրականությունն այն է, որ Չինաստանն զբաղեցնում է, զբաղեցրել է և կզբաղեցնի առաջատար դիրքեր: Մենք չպետք է մրցակցենք Չինաստանի հետ, մենք պետք է համագործակցենք նրա հետ: Չինաստանի հետ համագործակցությունը նպատակահարմար է այն պատճառով, որ նրանք ստանձնել են ճիշտ արտադրողների ներգրավման նախաձեռնություն», – ասել է նախարարը, որի ելույթը հեռարձակել է Asharq հեռուստաալիքը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նախարարն ընկալում այն ​​քննադատությունը, որին արևմտյան երկրները ենթարկում են Սաուդյան Արաբիային՝ Չինաստանի հետ տնտեսական և քաղաքական կապերի ընդլայնման համար, նա հայտարարել է, որ «ըստ էության, անտեսում է դա»։

«Ինչպես ցանկացած գործարար մարդ, դուք կգնաք այնտեղ, որտեղ կան համապատասխան հնարավորություններ», – հավելել է նա։

Արաբ և չինացի ձեռնարկատերերի տասներորդ խորհրդաժողովը տեղի է ունենում հունիսի 11-12-ն Էր Ռիադում` «Համագործակցություն հանուն բարգավաճման» կարգախոսի ներքո։ Միջոցառումը, որը կազմակերպվել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարության կողմից, ուղղված է Չինաստանի և արաբական աշխարհի երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ Խորհրդաժողովին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս