Բաժիններ՝

Ուկրաինան հայտարարել է հակահարձակման առաջին արդյունքների մասին, կողմերի միջև կատարվել է գերիների փոխանակում

Ուկրաինան հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում ազատագրել է 3 գյուղ: Տավրիայի ուղղությամբ պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի խոսնակ Վալերի Շերշենը հայտարարել է, որ երևում են «հակահարձակման առաջին հաղթանակները, տեղայնացված արդյունքները»:

Ըստ BBC-ի՝ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում ուկրաինական զորքերը տոնում են հաղթանակը Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե և Նեսկուչնոյե բնակավայրերի մոտ:

Իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն ավելի ուշ հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել Մակարովկա բնակավայրը և առաջնագծի հարավային մասում 300 մետրից մինչև 1.5 կմ առաջ են շարժվել:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան տեղեկագրում չի նշել գյուղերի գրավման մասին, փոխարենը՝ հայտարարել է, որ ռուսական ուժերը ավիահարվածներ են հասցրել Բլագոդատնոյե, Նեսկուչնոյե, Զոլոտայա Նիվա և այլ բնակավայրերին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 10-ին հաստատել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակում են սկսել:

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորքերի «Հարավային» խմբավորումը հաջողությամբ հետ է մղել ուկրաինական ստորաբաժանումների 8 հարձակում Նովոբախմուտովկա, Կրասնոգորովկա, Պերվոմայսկոյե և Մարյինկա բնակավայրերի ուղղությամբ, և որ ռուսական ուժերի պաշտպանությունը չի ճեղքվել:

Գերատեսչությունը նաև նշում է, որ բանակցությունների արդյունքում ուկրաինական կողմից վերադարձվել է 94 ռուսաստանցի զինծառայող:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հաղորդել է, որ գերիների փոխանակման շրջանակներում Ուկրաինա է վերադարձվել 95 ուկրաինացի զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս